Մ. Շահբազյան «Եկե՜ք , տեսե՜ք Հայաստանը, սիրունա»
«Սա Հայաստանն է` իմ հպարտության ամենամեծ աղբյուրը: Ոչ միայն այն բանի համար, որ ես այստեղ եմ ծնվել և ապրել, որ պատկերները հարազատ են ու խոհուն: Հպարտանում եմ, որ իմ հայրենիքում ազգային արժեքները նաև համամարդկային են, քանզի նյութական ու հոգևոր մշակույթի ցանկացած ստեղծագործություն իմաստավորված է մարդասիրությամբ ու ազատության և արժանապատվության վեհապանծ թռիչքով: 50-ամյա լրագրողական գործունեության ընթացքում բազմիցս եմ շրջագայել Հայաստանում, բայց ամեն անգամ ինքս ինձ համար այն նորովի եմ բացահայտել… Բառերն ի՞նչ արժեք ունեն, երբ խոսում են փաստերն ու արժեքները: Եվ այն 500-ից ավելի լուսանկարները, որոնք ես հանձնում եմ ընթերցողների դատին, հնարավորություն են տալիս ոչ միայն կողմնորոշվել, թե ինչպիսին է մեր երկրի, մեր ժողովրդի տեղն ու դերը համաշխարհային մշակույթի պատմության մեջ, այլև ուղղորդում են նրանց, ովքեր ցանկանում են բացահայտել իրական Հայաստանը, որն աշխարհում առաջինն է քրիստոնեությունը հռչակել որպես պետական կրոն և իր բազմադարյան պատմության ընթացքում ինչպես խոսքով, այնպես էլ գործով ապացուցել է իր սկզբունքային հավատարմությունը որդեգրած առաջնահերթություններին»:
Այսպես է իր ընթերցողին ողջունում «Հայաստանի մարզերը» ալբոմը` լուսանկարների հեղինակ՝ Մարտին Շահբազյանի խոսքերով:
Նշենք, որ այսօր տեղի ունեցավ ՀՀ վաստակավոր լուսանկարիչ Մարտին Շահբազյանի «Հայաստանի մարզերը» ալբոմի շնորհանդեսը: Շնորհավորելով լուսանկարչին , Հայաստանի գրողների միության նախագահ Լևոն Անանյանը նշեց, որ սա իրոք մեծ արժեք ներկայացնող աշխատանք է:
«Մարտի Շահբազյանի օբյեկտիվը մի ուրիշ տեսանկյունից է մեզ ներկայացնում մեր ազգային արժեքները և մեզ նորովի ճանաչեցնում է այն ամենին, ինչը գուցե հազար անգամ տեսել և վայելել ենք: Ալբոմում ամփոփված լուսանկարները մասնավորապես զբոսաշրջիկների համար պետք է դառնան շատ կարևոր մի սկզբնաղբյուր, որի օգնությամբ և Մարտին Շահբազյանի ադքերով կկարողանան իրենց համար բացահայտել նոր Հայաստան : Կեցցե՜ս, վարպետ »,- ընդգծեց Լևոն Անանյանը:
ՀՀ մշակույթի նախարարության գրքի ու հրատարակչական գործի գործակալության պետ, բանաստեղծ Էդուարդ Միլիտոնյանի փոխանցմամբ «Հայաստանի մարզերը» վերջին տարիների լավագույն ալբոմներից է:
«Հրաշալի աշխատանք է արված: Հույս ունենք, որ առաջիկայում պետական աջակցությամբ կկարողանանք ամբողջ աշխարհին մատուցել նման աշխատանքները»,-նշեց Էդուարդ Միլիտոնյանը:
Լուսանկարիչ Մարտին Շահբազյանն իր խոսքում մեծ օժանադկության և աջակցության համար շնորհակալություն հայտնեց հանրապետության նախագահին և մշակույթի նախարարությանը:
«Գիրքն ինձ համար դարձավ մի առիթ , որպեսզի ես կրկին Հայաստանը տեսնեմ այդքան սիրուն և ասեմ՝ եկե՜ք, տեսե՜ք Հայաստանը, սիրունա: Սա Հայաստանն է` իմ հայացքով: Մյուսները պետք է գան, վերադառնան` բացահայտելու իրենց ինքնօրինակ Հայաստանը, հպարտանալու այսքան խոսուն ու այսքան իմաստուն արժեքներով, գտնելու կամ վերագտնելու հարազատ երկիրը»,-ասաց Մարտին Շահբազյանը:
Նշենք, որ Մարտին Շահբազյանը 1966 թվականից հաստիքային ֆոտոլրագրողի կարգավիճակով աշխատել է «Ռյա Թազաե, «Հայրենիքի ձայնե և «Կոմունիստե թերթերում: 1974-1976 թթ. աշխատել է ԽՍՀՄ «Նովոստիե մամուլի գործակալության (АПН-Агентство печати «Новости») Հայաստանի մասնաճյուղում` որպես սեփական թղթակից: 1976-2001 թթ. աշխատել է «Արմենպրեսե գործակալությունում:
2001-ից ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի գրասենյակի ֆոտոթղթակիցն է:
1988 թ. Սպիտակի երկրաշարժի զոհերին նվիրված լուսանկարը բարձր է գնահատվել «Reuter» գործակալության կողմից` արժանանալով «Տարվա լավագույն լուսանկար» մրցանակին:
Լրահոս
Տեսանյութեր
Կառավարության համար ՀՀ ո՞ր քաղաքացիներն են համարվելու իրական Հայաստանի քաղաքացիներ. Ռուստամյան