Ստամբուլի կինոթատրոնում առաջին անգամ հնչել է Ցեղասպանություն բառը
Ստամբուլի միջազգային կինոփառատոնի շրջանակներում տեղի է ունեցել «Մի մոռացիր ինձ, Ստամբուլ» ֆիլմի պրեմիերան: Ֆիլմը ներկայացնում է տարբեր ազգությունների մարդկանց պատմությունները, որոնց միավորում է բազմամշակույթ Ստամբուլը:
Այն կազմված է հինգ խաղարկային նովելներից, որոնց ռեժիսորները տարբեր ազգերի ներկայացուցիչներ են` հայ, հույն, հրեա, պաղեստինցի և թուրք: Ամբողջ նախագծի պրոդյուսերը Հուսեյն Կարաբեյն է: Ֆիմի մի մասի հեղինակը «Ոսկե ծիրան» կինոփառատոնի մրցանակակիր Էրիկ Նազարյանն է: Նա ներկայացնում է ուդ նվագող սփյուռքահայ երաժիշտի պատմությունը, որը գալիս է Ստամբուլ և փորձում է գտնել իր պապի` ժամանակին հռչակավոր ուդի վարպետի տուն-արհեստանոցը:
Մի ընտանիքի պատմության միջոցով ներկայացվում է հայի դաժան ճակատագիրը Թուրքիայում: Գլխավոր դերում ֆրանսիահայ դերասան Ժաքի Ներսիսյանն է: Հատկանշական է, որ պատմության մեջ առաջին անգամ պրեմիերայի ժամանակ Ստամբուլի կենտրոնում մեծ էկրանից հնչեց «ցեղասպանություն»` գենոցիդ բառը:
«Ոսկե ծիրան» կինոփառատոնի մամլո կենտրոնից հայտնում են, որ հայ հանդիսատեսը հնարավորություն կունենա ֆիլմը դիտել ամռանը` «Ոսկե ծիրան» 8-րդ միջազգային կինոփառատոնի շրջանակներում:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները