Արցախյան պատերազմի մասին պատմող «Մեծ տոն» -ն արժանացել է մրցանակների
Ռեժիսոր Վահե Գրիգորյանը 2010թ-ին նկարահանել է «Մեծ տոն» կարճամետրաժ գեղարվեստական ֆիլմ, որում նկարագրվում է 1992թ-ի Արցախյան ազատամարտը` երեխաների աչքերով: Panorama.am-ի հետ զրույցում ռեժիսորն ասաց, որ ֆիլմը փաստավավերագրական ճիշտ չէ համարել, քանզի, ճիշտ է, դրանում գլխավոր հերոսները հայ և ադրբեջանցի երեխաներ են ու նկարագրվում է պատերազմական Արցախը, սակայն պատերազմը բերված է զուտ երեխաների աչքերով. «Այնպես որ ճիշտ չէ ասել, թե ֆիլմը հայ-ադրբեջանական հարաբերությունների մասին է: Այն երեխաների մասին է, որոնք պատերազմի ժամանակ հայտնվել են լքված մի գյուղում. սկզբից թշնամանքն իրեն ասում է, նրանք վիճում են, սակայն կյանքը ստիպում է մտերմանալ` միասին ուտելիք են հայթհայթում և այլն»,- նշեց նա:
Ֆիլմը Հայաստանի Ազգային կինոկենտրոնի արտադրանքն է, իսկ ֆինանսավորման առումով իր աջակցությունն է ունեցել նաև Արմեն Ամիրյանը, սակայն թվային առումով կոնկրետ ի՞նչ գումար է ծախսվել ֆիլմի նկարահանմանը, որն անցել է Լեռնային Ղարաբաղի ազատագրված տարածքներում, Վ.Գրիգորյանը գերադասեց չնշել:
Ինչ վերաբերում է բավականին երիտասարդ այս ֆիլմի ճակատագրին (հիշեցնենք` նկարահանվել է 2010թ-ին), ապա թեկուզ այն միայն պրեմիերային ցուցադրություն է ունեցել Երևանի «Մոսկվա» կինոթատրոնում`Ազգային կինոկենտրոնի արտադրանքի ներկայացման շրջանակում, ու բացի այդ չի ցուցադրվել մեզ մոտ, «Մեծ տոն»-ը ցուցադրվել է բավականին լուրջ միջազգային մի շարք փառատոններում, ինչպես նաև այս ընթացքում արժանացել չորս մրցանակի:
Ռեժիսորը կրկնեց` պետք չէ ֆիլմում փնտրել հայ-ադրբեջանական հարաբերությունների կամ առկա լարվածության հետքեր, քանզի երեխաներն են մեր հերոսները, որոնց մանկության 3-4 տարին խլում է պատերազմը. «Իսկ երեխաները պատերազմին նայում են լրիվ ուրիշ աչքերով»,- հավելեց ֆիլմի ռեժիսորը:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները