Թուրք գրողին դատի են տվել ընդդիմադիրների առաջնորդին հայկական ծագում վերագրելու համար
Անկարայի հանրապետական դատախազությունում դատական գործ է բացվել թուրք գրող Սուլայման Յեշիլյուրթի դեմ իր հեղինակած «Դերսիմից հայուհի Յեմուշի որդի արհեստավոր Քեմալը» գրքում «Ժողովրդահանրապետական կուսակցության» առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուին հրապարակավ վիրավորելու մեղադրանքով: Մեղադրող կողմը Յեշիլյուրթի համար պահանջում է 1 տարի 2 ամսից մինչև 2 տարի 4 ամիս ազատարկման պատիժ:
Դատախազության մամուլի հանցանքների գծով բաժնի դատախազ Քուրսաթ Քայրալի կողմից բացված դատական հայցի մեղադրականում նշվել է, որ գրքի հեղինակը, Քըլըչդարօղլուին վերագրելով հայկական ծագում, ըստ էության զրպարտել է նրան և նախընտրական շրջանում նրա հեղիանությունը սևացնելու միտում դրսևորել:
Այս մասին հայտնում է թուրքական «Milliyet» օրաթերթը:
Հիշեցնենք, որ այդ գիրքը տպագրվել է այս տարվա փետրվարին 100 հազար տպաքանակով: Տպագրումից անմիջապես հետո մի մեծ խմբաքանակ առաքվել էր Թուրքիայի խորհրդարան: Կատարվածից վրդովված Քեմալ Քըլըչդարօղլուն դիմել էր դատարան և բարոյական վնասի փոխհատուցում պահանջել: