Ռ. Մելքոնյան. Սևակ Շահինի սպանությունը կարող է լինել թուրք ազգայնամոլների ձեռքի գործը
Ապրիլի 24-ին, երբ աշխարհասփյուռ հայությունը սգում էր 1915թ. Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը, Թուրքիայում սպանվում է հայազգի զինվոր Սևակ Շահին Բալիքչըն: Թուրքական աղբյուրների տեղեկացմամբ` 25-ամյա Սևակ Շահինը մահացել է ծառայակից ընկերոջ հետ կատակելու ընթացքում` հրազենից արձակված կրակոցից:
Կատարվածի առնչությամբ «Ermenihaber.am» լրատվական կայքին իր մեկնաբանությունն է տվել ԵՊՀ Արևելագիտության ֆակուլտետի փոխդեկան, թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը: Ըստ նրա` այն, որ այդ ցավալի դեպքը տեղի է ունեցել ապրիլի 24-ի խորհրդանշական օրը, ավելի է սրում կատարվածի միտումնավոր լինելու կասկածները: Այս ամենը տեղիք է տալիս մտածելու, որ դա կարող էր լինել ոչ պատահական ու կապ ունենար Ցեղասպանության զոհերի հիշատակի հետ:
«Կան տեսակետներ, որ հայ երիտասարդը խոսել է Հայոց Ցեղասպանության մասին, ինչից էլ վեճ է ծագել, որը, ի վերջո, հանգեցրել է նրա սպանությանը»,- նշում է Ռուբեն Մելքոնյանը` չբացառելով, որ գուցե դա արվել է թուրք որոշակի ծայրահեղ ազգայնամոլական ուժերի կողմից, որոնք էլ օրվա սիմվոլիկ բնույթի համար են հենց ապրիլի 24-ին են հայազգի երիտասարդի հանդեպ բռնություն կիրառել` զրկելով նրան կյանքից:
«Այսինքն թուրք ազգայնամոլների յուրահատուկ դրսևորում`ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա առնչությամբ»,- նշում է թուրքագետը: