ԱԺ նախագահը մասնակցել է տնտեսագիտական համալսարանի խորհրդի նիստին
Այսօր ՀՀ Ազգային ժողովի նախագահ, ՀՊՏՀ խորհրդի նախագահ Հովիկ Աբրահամյանը մասնակցել է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի խորհրդի նիստին, որին ներկա էին խորհրդի 32 անդամներից 30 -ը, կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը:
Այս մասին հաղորդում են ՀՀ ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից:
ՀՊՏՀ խորհրդի նախագահ Հովիկ Աբրահամյանը տեղեկացրել է , որ նիստի օրակարգային միակ հարցը ՀՊՏՀ ռեկտորի ընտրությունն է:
«Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպության ռեկտորի թափուր պաշտոնի մրցույթին մասնակցելու համար ՀՀ կրթության և գիտության նախարարության աշխատակազմի կառավարման վարչություն դիմում էր ներկայացրել մեկ թեկնածու` Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտորի պաշտոնակատար, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Կորյուն Աթոյանը:
Իր խոսքում ռեկտորի պաշտոնակատարը ներկայացրել է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի զարգացման հայեցակարգային դրույթները, այնուհետև տեղի է ունեցել մտքերի փոխանակություն:
ԱԺ նախագահ, ՀՊՏՀ խորհրդի նախագահ Հովիկ Աբրահամյանի առաջարկով որոշվել է ՀՊՏՀ խորհրդի նախագահի ընտրությունն իրականացնել փակ գաղտնի քվեարկությամբ: Փակ գաղտնի քվեարկությանը մասնակցած` ՀՊՏՀ խորհրդի 30 անդամները ձայների 28 կողմ, 1 ձեռնպահ հարաբերակցությամբ (1 քվեաթերթիկ ճանաչվել է անվավեր) Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտոր են ընտրել Կորյուն Աթոյանին:
ՀՊՏՀ խորհրդի նախագահ Հովիկ Աբրահամյանը բոլորի անունից շնորհավորել է նորընտիր ռեկտորին և մաղթեց հաջողություններ, նորանոր ձեռքբերումներ և արգասաբեր աշխատանք: Հովիկ Աբրահամյանը շնորհակալություն է հայտնել ՀՊՏՀ նախկին ռեկտոր, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Յուրի Սուվարյանին` այդ պաշտոնում կատարած արդյունավետ աշխատանքի համար` պատրաստակամություն հայտնելով հետագայում ևս օգտագործել նրա խորհուրդները բուհի կառավարման գործընթացում: Յուրի Սուվարյանը շնորհավորելով նորընտիր ռեկտորին և շնորհակալություն հայտնելով իր աշխատանքը գնահատելու համար` նշել է , որ այդ ողջ ընթացքում միշտ զգացել է Հովիկ Աբրահամյանի աջակցությունը բուհում զարգացում և առաջընթաց ապահովելու գործում:
Ելույթ ունենալով` ՀՊՏՀ նորընտիր ռեկտոր Կորյուն Աթոյանը շնորհակալություն է հայտնել ցուցաբերված վստահության համար ու խոստացել անել հնարավորը բուհում ձևավորված լավ ավանդույթները շարունակելու և սկսված բարեփոխումները շարունակելու համար: Սպառելով օրակարգը` Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի խորհրդի նիստն ավարտել է աշխատանքները:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան