Ցեղասպանության հիշատակման օրը թուրքական բանակում սպանվել է հայ զինվոր
Թուրքիայի Բաթման նահանգի Քոզլուք շրջանի զորամասում զինծառայության մեջ գտնվող հայազգի Սևակ Շահին Բալիքչըն ապրիլի 24-ին սպանվել է իր ծառայակիցներից մեկի կողմից:
Այս մասին տեղեկացնում է «Ermenihaber.am» լրատվական կայքը:
1986 թվականին ծնված Սևակի մահվան կապակցությամբ կազմվել է հակասություններով լի մի զեկույց, որում ասված է, «Մահացել է ծառայակից ընկերոջ հետ կատակելու ընթացքում հրազենից արձակված կրակոցից: Վկա չկա»:
Սակայն լուրեր են շրջանառվում, թե հայ երիտասարդի սպանության պատճառը եղել է այն, որ նա խոսել է Հայոց ցեղասպանության մասին: Ինչպես հայտնի է, Հրանտ Դինքի սպանությունից հետո ոգեկոչման միջոցառումների ժամանակ սգավոր ցուցարարները «1.500.000 +1» գրությամբ պաստառներ էին ծածանում: Դժբախտաբար, ցեղասպանության զոհերի թիվն ավելացավ ևս մեկով` «1.500.000 +1 +1»: