«Ծաղկահավաք» Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում
Վաղը՝ ապրիլի 27-ին, Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամն իր գլխավոր գործընկեր «ՎիվաՍելլ-ՄՏՍ» ընկերության և Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի հետ համատեղ կիրականացնի Ծիծեռնակաբերդում հավաքված ծաղիկների վերամշակման գործընթացը: Միջոցառումն իրականացվում է 2-րդ անգամ:
Ինչպես տեղեկացնում են Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի մամուլի ծառայությունից, մինչև 2010 թ. Ապրիլի 24-ից հետո Ծիծեռնակաբերդում հավաքված միլիոնավոր ծաղիկներն ամեն տարի հուշահամալիրից հեռացվում էին որպես աղբ: Անցյալ տարի Հիմնադրամն առաջարկել է անմեղ զոհերի հիշատակին նվիրաբերված բոլոր ծաղիկների հավաքման և հետագա կիրառման այլընտրանքային, առավել օգտակար, խորհրդանշական ու բնապահպանական տարբերակ:
Միջոցառման շրջանակում բոլոր ծաղիկները խնամքով հավաքվում և տեղափոխվում են հուշարձանի հետնամաս, առանձնացվում են ցողունն ու ծաղկաթերթիկները: Ծաղկի ցողուններից պատրաստվում է պարարտախառնուրդ` հուշահամալիրի այգիների մշակման համար, իսկ ծաղկի չորացված թերթիկները հիմնադրամի «Արևորդի» էկո-ակումբների սաներն օգտագործում են թղթի վերամշակման և ձեռքով պատրաստված բացիկների ձևավորման համար: Այդ թուղթն է օգտագործում նաև Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը հուշագրեր, շնորհակալագրեր և հրավիրատոմսեր պատրաստելու համար:
Ծաղիկների վերամշակման աշխատանքներն իրականացվում են անհատ կամավորների և ամենատարբեր կազմակերպություններ ներկայացնող կամավորական խմբերի միջոցով: Այս տարի աշխատանքներին կմասնակցեն շուրջ 300 կամավորներ:
Արդեն ավանդույթ դարձած միջոցառումն այս տարի կմեկնարկի առավոտյան ժամը 9:00-ին և կշարունակվի մինչև 21:00-ը:
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա