Խրախուսվում է մասնավոր բուհերի խոշորացումը
ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր մասնակցել է «Ուսուցման բազմաձևության արդիականությունը և հեռանկարները Բոլոնիայի գործընթացի համատեքստում» խորագրով միջբուհական գիտագործնական համաժողովին, որը կայացել է Հյուսիսային համալսարանում։
Ինչպես տեղեկացնում են ԿԳ նախարարությունից, ողջույնի խոսքում նախարարը ներկաների ուշադրությունը հրավիրել է բուհերում կրթական բարեփոխումների, Բոլոնիայի հռչակագրով նախատեսված գործողությունների կատարման, պետական և ոչ պետական բուհերում մատուցվող կրթության որակի և ուսուցման բազմաձևության հարցերի վրա։ Նա կարևորել է կրթական համակարգում միասնական քաղաքականության իրականացման, իրավահավասարության սկզբունքը։
«Մենք միջոցներ ենք գործադրել, որպեսզի Հայաստանի բարձրագույն կրթության համակարգը ավելի մեծ համապատասխանություն ունենա թե ներքին հասարակական ակնկալիքներին, թե միջազգային չափորոշիչներին, որոնց մենք ձգտում ենք ամբողջությամբ համապատասխանել, նաև քայլեր են ձեռնարկվել բուհերում քաղաքականության հստակեցման ուղղությամբ։ 2009 թվականին Հայաստանում գործող մասնավոր բուհերի թիվը 70 էր, իսկ այս պահի դրությամբ 35 է։ Երկու տարվա ընթացքում նախարարությանը հաջողվել է կտրուկ քայլերի միջոցով որակի հսկողության առավել հետևողական մեխանիիզմների ներդրման միջոցով և, միաժամանակ, ուսանողների իրավունքների պաշտպանության միջոցով խրախուսել մասնավոր բուհերի խոշորացման գործընթացը»,- ասել է Ա. Աշոտյանը և հավելել, որ նախարարությունն այսուհետ ևս պատրաստ է խրախուսել ցանկացած քայլ, որը կնպաստի մասնավոր բուհական ոլորտում խոշորացումների ուղղությամբ տարվող աշխատանքներին, և որևէ խոչընդոտ չի կարող լինել այդ ուղղությամբ։
Համաժողովի ընթացքում բարձրագույն կրթության համակարգի ներկայացուցիչները զեկույցներ են ներկայացրել բուհերի իրավահավասարության ու կրթության որակի հիմնախնդիրների, հետբուհական կրթական համակարգի կատարելագործման ուղիների և ուսուցման տարբեր ձևերի կիրառության վերաբերյալ։
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան