Նազիկ Ավդալյանին նախապատրաստում են վիրահատության
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, երեկ աշխարհի ծանրամարտի չեմպիոնուհի Նազիկ Ավդալյանը Գյումրի-Վանաձոր ճանապարհին ավտովթարի է ենթարկվել, որից հետո տեղափոխվել է Գյումրիի Գյուլբենկյանի վիրաբուժական հիվանդանոց, որտեղից էլ ողնուղեղի սալջարդի և կողի կոտրվածքի ախտորոշմամբ տեղափոխվել է Երևանի «Էրեբունի» հիվանդանոց:
Ինչպես մեր թղթակցին հայտնեցին «Էրեբունի» հիվանդանոցից, Նազիկ Ավդալյանն այժմ գտնվում է վերակենդանացման բաժանմունքում: Կատարված հետազոտությունից հետո որոշվել է սկսել դեղորայքային բուժում` նրան ծանր հոգեբանական վիճակից հանելու և վիրահատությանը նախապատրաստելու համար:
Հայ մարզուհու վիճակը կայուն է: «Էրեբունի» հիվանդանոցում հաստատվել է բժշկական նախնական եզրակացությունը, որ նրա վնասվածքները միջին ծանրության են:
Առայժմ հնարավոր չէ ասել` արդյոք Նազիկը կկարողանա՞ շարունակել մարզական կարիերան: Այդ հարցին հնարավոր է պատասխանել միայն վիրահատությունից հետո: Ստույգ հայտնի է միայն, որ նրան մրցահարթակ վերադարձնելու համար Հայաստանի սպորտային ղեկավարությունը պատրաստ է անհրաժեշտության դեպքում բուժումը կազմակերպել արտասահմանյան լավագույն կլինիկաներում: