Աննախադեպ քայլ` նախագահ Սարգսյանի կատարմամբ
«Այսօր մենք ունենք ուժեղ իշխանություն, այսօր մենք ունենք ընդդիմություն, որը թույլ չի տալիս իշխանություններին իրենց զգոնությունը թուլացնել, և համագործակցելով՝ մենք կարող ենք իրոք մեր երկրին ապահովել լուրջ հաջողություններով»:
Ապրիլի 27-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի արած այս հայտարարությունն` իր աննախադեպությամբ, հավակնում է պատմական դառնալ: Ընդ որում` միանգամից մի քանի պատճառով:
Նորանկախ Հայաստանի պատմության մեջ, ըստ երևույթին, սա առաջին անգամն է, երբ իշխանությունը` ամենաբարձր մակարդակով, ճանաչում է հակառակորդ ուժի` ընդդիմության գոյությունը և գոյության իրավունքը:
Ճիշտ է, Սերժ Սարգսյանը դեռ այս տարվա մարտի 12-ին Ծաղկաձորում լրագրողների հետ շփման ժամանակ էր համանման ձևակերպումներով հանդես եկել, սակայն անցած ժամանակահատվածում կատարված քայլերը վկայում են, որ գործ ունենք ոչ թե պարզ հռետորության, միտումների, այլ կոնկրետ քաղաքական ակցիայի հետ: Սա արդեն նորություն է` թե քաղաքական մշակույթի, թե քաղաքական գործընթացի բովանդակության տեսանկյունից:
Մյուս նորամուծությունը կրկին կապված է նշված մեջբերման հետ: Ընդդիմության գոյությունից զատ, այս ձևակերպումը թույլ է տալիս պնդել, որ իշխանությունը նրա հետ նաև հաշվի է նստում: Հակիրճ լինելու համար ուղղակի ֆիքսենք, որ (մեղմ ասած) ժողովրդավարությունը մերժող համակարգերում իշխանությունը, որպես կանոն, սեփական ուժը ցույց տալու համար ոչ միայն մերժում է ընդդիմության գոյության իրավունքը, այլև փաստացի անտեսում է ընդդիմության պահանջները` անկախ հանգամանքից, թե որքանով են դրանք հանրային ակնկալիքներ ու շահեր բովանդակում: Իսկ ահա իշխանության պատրաստակամությունը` ականջալուր լինել ընդդիմության քննադատությանը (լինեն դրանք` պահանջներ կամ առաջարկներ) իսկապես նորամուծություն է:
Երրորդ կարևոր հանգամանքն այն իրողության արձանագրումն է, որ երկրի առաջընթաց կարելի է ապահովել առողջ քաղաքական գործընթացի առանցքում (ճիշտ է նաև հակառակը` քաղաքական գործընթացի առանցքում պետք է լինի երկրի առաջընթացը): Թերզարգացած համակարգերում, որպես կանոն, առաջընթացի երաշխավորների շրջանակը սահմանափակվում է միայն իշխանական համակարգով, իսկ պրոցեսի մյուս մասնակիցները դիտարկվում են լայն սպեկտրում` խոչընդոտողներից մինչև դավաճաններ: Այս բանաձևումը խորթ չէ նաև նորանկախ Հայաստանի համար: Այսօրվա իր հայտարարությամբ ՀՀ նախագահը ձևակերպեց միանգամայն այլ մոտեցում:
Փաստորեն հանրապետության ղեկավարը վերջին շրջանի իր գործողություններով ու նաև դրանց հրապարակային մեկնաբանությամբ Հայաստանում քաղաքական համակարգի կայացման լուրջ ջանքեր է գործադրել, և այսօրվա իր հայտարարությամբ ավարտին հասցրեց դրա հիմքը` բազիսը: Իսկ ահա վերնաշենքն ունենալու համար անհրաժեշտ է, որ համարժեք քայլեր կատարեն նաև քաղաքական պրոցեսի մյուս մասնակիցները` խորհրդարանական և արտախորհրդարանական ընդդիմադիր ուժերը:
Ինչ վերաբերում է խորհրդարանական ուժերին` ՀՅԴ-ին ու «Ժառանգությանը», ապա չթերագնահատելով նրանց դերակատարությունը` այս պահին նրանց չարժե քննարկել: Այն պարզ պատճառով, որ այս ուժերը որքան էլ ծայրահեղ քննադատական դիրքերից են հանդես եկել, այնուամենայնիվ եղել և մնում են համակարգային: Իսկ ահա խորհրդարանի պատերից դուրս, առաջին հերթին` ի դեմս ՀԱԿ-ի, առկա է լուրջ քաղաքական ուժ, որն ամեն վայրկյան համակարգից դուրս մնալու ու համակարգի դեմ գնալու վտանգի առջև է: Այս իմաստով ստեղծված իրավիճակում շատ կարևոր է ՀԱԿ-ի վարքագիծը:
Սերժ Սարգսյանի պաշտոնավարման ընթացքում ՀԱԿ-ի` համակարգից հեռացվածության կրիտիկական կետն, ըստ էության, այս տարվա մարտի 1-ն էր` ընդդիմադիրների բավականին սպառնալից ելույթներով: Այդ պահին տպավորությունն այնպիսին էր, որ ֆիզիկայի եզրաբանությամբ` համակարգն ավելի շատ վանում էր, քան ձգում: Ու անգամ կարծիք կար, որ ականատես ենք դառնալու հերթական ներհասարակական դիմակայությանը:
Իրավիճակը լիցքաթափվեց Ծաղկաձորում` Սերժ Սարգսյանի արած հայտարարությամբ: Դրանով նախագահն, ինչպես նշեցինք, ընդունեց, որ խորհրդարանից դուրս կա լուրջ քաղաքական ուժ, ապա` այդ ուժին մի կողմից խորհուրդ տվեց խուսափել անցյալ սխալներից (հասկանալի է` հատկապես որոնցից), իսկ մյուս կողմից` հորդորեց իշխանության համար պայքարը ծավալել կոռեկտության սահմաններում: Մի խոսքով` նախագահը չմերժեց ընդդիմության գոյությունը, և գործընթացի հետագա ծավալման մեթոդաբանության ընտրությունը թողեց դիմացինին:
Պատասխանը հետևեց անմիջապես: Լևոն Տեր-Պետրոսյանը մարտի 17-ին նախապատվությունը տվեց շախմատին: Ու դրան երկուստեք հետևեցին հայտարարություններ ու գործողություններ, որոնք վկայում էին ՀԱԿ-ին աստիճանաբար քաղաքական համակարգ բերելուն: Եվ թեև փաստն այդ ժամանակ անտեսվեց, բայց մի կարևոր իրադարձություն ևս տեղի ունեցավ: Ապրիլի 8-ի հանրահավաքում առաջին անգամ Լևոն Տեր-Պետրոսյանը` իր երեք պահանջները շարադրելիս` խոսելով Սերժ Սարգսյանի (ավելի ճիշտ` նրա լիազորությունների) մասին, օգտագործեց «նախագահ» բառը: Սա արդեն դիմացինին ճանաչելու քայլ էր արմատական ընդդիմության կողմից:
Արդյունքում այսօր հասել ենք մի հանգրվանի, երբ բոլոր հնարավորությունները կան Հայաստանում նորմալ քաղաքական համակարգ կայացնելու համար: Գործընթացի մասին չենք խոսում, որովհետև գործընթաց, որպես այդպիսին, արդեն առկա է: Մնում է այն ինստիտուցիոնալացնել: Այս առումով իշխանությունն, ի դեմս նախագահ Սերժ Սարգսյանի, առաջին քայլն արել է: Հերթն ընդդիմությանն է:
Ի դեպ, իր այսօրվա ելույթում հանրապետության ղեկավարը նաև նշել է. «Մենք պատրաստ ենք առաջինը լինելու, պատրաստ ենք լիցքաթափման քայլեր կատարելու, և ես արդեն հանձնարարել եմ արդարադատության նախարարին տալ առաջարկություններ»:
Այս հայտարարությունը կարելի է տարբեր կերպ մեկնաբանել: Բայց, անշուշտ, արտախորհրդարանական ընդդիմությանն քաղաքական համակարգի կայացման ուղղությամբ համարժեք քայլ կատարելու հնարավորություն է ընձեռում:
Հայաստանի ապագայի համար չափազանց կարևոր է` ընդդիմության լիդերներն ինչպես կօգտագործեն այս հնարավորությունը:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա