Խաչատուր Մառոզյան. «Հայաստանում անզեն աչքով նկատելի է կրկնահանցագործությունների աճ»
Հայաստանում դեռահասների կողմից իրականացվող հանցագործությունների, կրկնահանցագործությունների աճի և դրա պատճառների մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսեցին իրավաբանների և հոգեբանների միջազգային ասոցիացիայի նախագահ Խաչատուր Մառոզյանը և ասոցիացիայի հոգեբանների հանձնաժողովի նախագահ Արմինե Դավթյանը։
Իրավաբանների և հոգեբանների միջազգային ասոցիացիայի նախագահ Խաչատուր Մառոզյանի փոխանցմամբ, այսօր Հայաստանում անզեն աչքով նկատելի է կրկնահանցագործությունների աճ, երբ մեկ անգամ դատված մարդը կրկին դատվում է և հայտնվում կալանավայրում։
«Շատ հաճախ կալանավայրից ազատվելուց և հասարակություն վերադառնալուց հետո, նրանք չեն կարողանում աշխատանք գտնել, հաճախ նրանց չի ընդունում նաև ընտանիքը։ Այդ ամենի հետևանքով նրանք դիտավորյալ կրկին հանցանք են կատարում և վերադառնում կալանավայր։ Մինչդեռ աշխատանքը կարող է փոխել մարդուն և նրա հոգեբանությունը։ Այս ամենը խոսում է այն մասին, որ հասարակությունը պառակտվում է, մեծանում է անհանդուրժողականությունը»,- նշեց Խաչատուր Մառոզյանը։
Ասոցիացիայի հոգեբանների հանձնաժողովի նախագահ Արմինե Դավթյանի փոխանցմամբ, կրկնահանցագործությունների շրջանում մեծ տոկոս է կազմում աճը անչափահասների շրջանում։
«2008-2009 թվականների ընթացքում 5000-ի չափով աճել է հանցագործությունների թիվը։ Մասնավորապես դուրս եկածների մեջ կրկնահանցագործությունը կազմում է 16% ։ Պատճառը անհանդուրժողականությունն է և օրենքի ճիշտ կիրառման պակասը։ Այսօր հստակ գիտեն բոլոր պատժամիջոցները և դրանց կիրառման տարբերակները, սակայն դաստիարակման և հոգեբանական աշխատանքներ տանելու առումով կան բացթողումներ»,-ասաց Արմինե Դավթյանը։
Նա նաև տեղեկացրեց, որ իրենք մշակել են հատուկ ծրագիր, որի շրջանակներում համապատասխան մասնագետները կփորձեն ներկայացնել իրավական ոլորտի այնպիսի առաջարկություններ, որոնք կնպաստեն հանցագործությունների և կրկնահանցագործությունների աճի նվազմանը։ Փորձելու են լուծելու նաև իրազեկվածության խնդիրը։ Ծրագիրը ներկայացվել է արդարադատության նախարարություն և արվել է համագործակցության առաջարկ։
Իրավաբանների և հոգեբանների միջազգային ասոցիացիայի նախագահ Խաչատուր Մառոզյանը խոսելով անչափահասների շրջանում կատարվող հանցագործությունների դրդապատճառների և շարժառիթների մասին նշեց, որ դա արդեն դարձել է մտածելակերպ։
«Փոքրերի մոտ հանցագործություն կատարելու պատճառն, առաջին հերթին, ոչ թե սոցիալական դրդապատճառն է, այլ առաջին հերթին անչափահասների մոտ դա դարձել է մտածելակերպ։ Ինքնահաստատման խնդիր է, ինչը հաճախ նաև հեռուստասերիալների ազդեցության հետևանք է »,- նշեց նախագահ Խաչատուր Մառոզյանը։
Նա նաև տեղեկացրեց, որ սկսած 1990 թվականից, միայն 1993 թվականին է գրանցվել հանցագործությունների թվի նվազում, բոլոր մյուս տարիներին նկատվել է միայն աճ։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան