Թուրքական բանակում սպանված հայ զինվորի մասին Թուրքիայի ժանդարմերիան պարզաբանումներ է տվել
«Ermenihaber.am» լրատվական կայքի տեղեկացմամբ` թուրքական ժանդարմերիան հաղորդագրություն է տարածել ապրիլի 24-ին հրազենից սպանված հայազգի շարքային զինծառայող 25-ամյա Սևակ Շահին Բալըքչըի մահվան հանգամանքների մասին: Ուժային այդ կառույցի պաշտոնական կայքում հրապարակված հաղորդագրության համաձայն` Սևակը ծառայակից ընկերոջ կողմից հրազենի անզգույշ գործադրման հետևանքով տեղի ունեցած դժբախտ պատահարի զոհ է դարձել: Նշվում է, որ լրատվամիջոցները թերի իրազեկված լինելու պատճառով տարակարծություններ առաջացնող լուրեր են հրապարակել դեպքի առնչությամբ:
«2011 թվականի ապրիլի 24-ին Բաթման նահանգի Քոզլուք շրջանում տեղակայված զորամասից 40-50 մետր հեռավորության վրա գտնվող, հորդառատ տեղումներից վնասված մարտական հենակետն ու մետաղալարե ցանկապատը վերանորոգելու նպատակով կազմել է 7 հոգանոց աշխատանքային խումբ: Իսկ երկու զինվոր էլ աշխատանքային այդ խմբի անվտանգությունն ապահովելու առաջադրանք են ստացել: Նույն օրը 11:15-ի սահմաններում աշխատանքային խմբի անվտանգությունն ապահովող զինվորներից մեկը, որը Սևակի մտերիմ ընկերներից է եղել, իրեն ամրագրված հրազենի հետ անփութորեն վարվելով պատահական կրակ է արձակել աշխատանքային խմբում գտնվող և այդ պահին մի քանի մետր հեռավորության վրա
աշխատող Սևակ Շահին Բալըքչի որովայնի ուղղությամբ: Մարմնական վնասվածք ստացած Սևակին անմիջապես տեղափոխել են Քոզլուքի շրջանային հիվանդնոց, բայց բժիշկներին չի հաջողվել փրկել նրա կյանքը:
Կատարվածի մասին անհապաղ զեկուցվել է Դիարբեիքր զինվորական դատախազությանը: Վերջինիս թույլտվությամբ էլ Քոզլուքի հանրապետական դատախազությունը սկսել է դատաքննություն իրականացնել: Հարցաքննության արդյունքում Քոզլուքի քրեական դատարանը եկել է եզրակացության, որ կատարվածի մեջ դիտավորություն չի եղել: Հետևաբար կալանքը չի ընտրվել որպես խափանման միջոց Սևակի մահվան պատճառ հանդիսացած շարքային զինծառայողին համար»,- ասված է ժանդարմերիայի պաշտոնական հաղորդագրության մեջ: