Թուրքական բանակում սպանված հայ զինվորի մասին նոր մանրամասներ են հայտնի դարձել
Ըստ Ermenihaber.am (Էրմենիհաբեր) լրատվական կայքի վերջին տեղեկատվության, ապրիլի 24-ին թուրքական բանակում հրազենից սպանված հայազգի զինծառայող 25-ամյա Սևակ Շահին Բալըքչըի բանակային կյանքից ուշագրավ մի դեպք է հայտնի դարձել:
Սևակի հարսնացուն` Մելանի Կումրույանը, պատմել է, որ անցյալ ամիս զորամասում 50 լիրա փողի կորստի պատճառով Սևակը իր հրամանտարի կողմից ծեծի է ենթարկվել: Երբ դեպքից հետո Սևակը հրամանատարի դեմ բողոք է ներկայացրել, նրան սպառնացել են և ստիպել, որ դիմումը հետ վերցնի:
«Եթե դիմումդ հետ չվերցնես, քեզ կվառենք»,-սպառնացել է թուրք հրամանատարը և Սևակը հետ է վերցրել իր բողոքը:
«Ես չեմ հավատում, որ կատակի արդյունքում է Սևակը սպանվել: Այսքան շատ պատահականություն չի կարող լինել»,- ասել է Սևակի հարսնացուն ու ավելացրել.-«Վեց տարի է ինչ միասին էինք: Շուտով զորացրվելու էր և ամուսնանայինք: Ամուսնության օրվա սպասումով թաղման օրը վրա հասավ»:
Հիշեցնենք, որ ապրիլի 24-ին Թուրքիայի Բաթման նահանգի Քոզլուք շրջանի զորամասում զինծառայության մեջ գտնվող հայազգի Սևակ Շահին Բալիքչըն սպանվել է իր ծառայակիցներից մեկի կողմից:
Սևակի մահվան կապակցությամբ կազմվել է հակասություններով լի մի զեկույց, որում ասված է. «Մահացել է ծառայակից ընկերոջ հետ կատակելու ընթացքում հրազենից արձակված կրակոցից: Վկա չկա»: