«Ոսկե ծիրան» կինոփառատոնի ֆիլմերի ընտրանին կցուցադրվի Նիդերլանդներում
Մայիսի 6-15-ը Նիդերլանդներում Filmhuis Den Haag-ը «The Best of Golden Apricot International Film Festival» խորագրի ներքո կներկայացնի «Ոսկե ծիրան» կինոփառատոնի 2008-2010 ֆիլմերի ընտրանին: Ֆիլմերի ցուցադրություններին, հաջորդող քննարկումներին ու զուգահեռ նախատեսվող միջոցառումներին ներկա կլինեն հայ և արտասահմանցի բազմաթիվ ռեժիսորներ, պրոդյուսերներ և տարբեր փառատոնների ներկայացուցիչներ:
«Ոսկե ծիրան» կինոփառատոնի կազմկոմիտեից հայտնում են, որ կցուցադրվեն Հարություն Խաչատրյանի «Սահման», Արման Երիցյանի և Իննա Սահակյանի «Հայաստանի վերջին լարախաղացը», Սուրեն Բաբայանի «Մի նայիր հայելուն», Դիանա Կարդումյանի «Աշնան արև» ֆիլմերը: Ինչպես նաև վերջին երկու տարիներին «Ոսկե ծիրան» կինոփառատոնի մասնակից Սիդդիք Բարմաքի «Ափիոնի պատերազմ», Գեորգ Օվաշվիլիի «Մյուս ափին», Անդրեյ Խրժանովսկու «Մեկ և կես սենյակ, կամ սենտիմենտալ ճանապարհորդություն հայրենիք», Լևան Կոգուաշվիլիի «Փողոցային օրեր», Ռեհա Էրդեմի «Կոսմոս», Սերգեյ Լոզնիցայի «Իմ ուրախություն» ֆիլմերը:
Մայիսի 8-ին նախատեսվում է քննարկում «Ռեժիսորներ առանց սահմանների» ծրագրի շրջանակներում, որին ներգրավված կլինեն փառատոնի բոլոր հյուրերը: Նախատեսվում է քննարկում տարածաշրջանում համագործակցության, Հայաստանում կինոյի վիճակի մասին:
Նույն ժամանակահատվածում այնտեղ տեղի կունենա նաև լուսանկարիչ Զավեն Խաչիկյանի «Ուրախ օր…» խորագրով ցուցահանդեսը: Այն ներկայացնում է զարգացող հասարակության և՛ տառապանքը, և՛ ուրախությունը:
Հայաստանից ցուցադրություններին ներկա կլինեն «Ոսկե ծիրան» կինոփառատոնի տնօրեն Հարություն Խաչատրյանը, գեղարվեստական տնօրեն Սուսաննա Հարությունյանը, կինոռեժիսորներ Սուրեն Բաբայանն ու Արման Երիցյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները