ՀՀ նախագահը մասնակցեց «Գրանդ Սպորտ» համալիրի բացմանը
Այսօր Շենգավիթ համայնքում տեղի ունեցավ «Գրանդ Սպորտ» մարզաառողջարարական և մարզաուսումնական համալիրի բացման հանդիսավոր արարողությունը, որին ներկա էր նաև ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:
Այս համալիրը «Գրանդ Հոլդինգ» ձեռնարկությունների խմբի մաս է կազմում: Զբաղեցնում է մոտ 7000 քառակուսի մետր տարածք, որից մոտ 3200 քառակուսի մետրն զբաղեցնում է շինությունը, նույնքան` բակը` ամառային վոլեյբոլի և թենիսի կորտերով, ավտոկայանատեղիով, և ավելի քան 600 քառակուսի մետր կանաչ տարածությունը: Սա Շենգավիթ և Էրեբունի համայնքներում մարզաառողջարարական և մարզաուսումնական առայժմ միակ մեծածավալ համալիրն է, որի կառուցման համար ծախսվել է մոտ 7 մլն ԱՄՆ դոլար:
Բոլոր մարզադահլիճներն ունեն միջազգային չափանիշներին համապատասխան չափեր ու բարձրակարգ մանրահատակ: Այստեղ աշխատում են միջազգային որակավորում ունեցող մասնագետներ:
Բասկետբոլի միջազգային լիգայի` FIBA-ի չափանիշներին համապատասխան մարզաձևի դահլիճի գծանշումն ու գունավորումը կատարվել են արտերկրից հրավիրված մասնագետների ցուցումներով: Այն ծառայելու է նաև որպես վոլեյբոլի և մինի ֆուտբոլի դահլիճ:
Մարզահամալիրում կա նաև ալպինիզմով զբաղվելու հնարավորություն: Ուժային մարզաձևերի համար նախատեսված դահլիճը համալրված է հատուկ «Գրանդ Սպորտի» համար պատվիրված մարզագույքով:
Մարզաառողջարարական համալիրում գործում է ուժային մարզասարքերի ևս մեկ դահլիճ, որը նախատեսված է ընտանեկան այցելությունների համար: Մարզասարքերն աշխատում են օդով և անաղմուկ են:
Կա 2 սքվոշ կորտ: 150 տարվա պատմություն ունեցող այս մարզաձևը Հայաստանում առայժմ տարածված չէ, և արտերկրից հրավիրված մասնագետների ցուցումներով կառուցված կորտերն առաջինն են հանրապետությունում:
Բիլիարդի սրահում տեղադրված են ռուսական և ամերիկյան տեսակների սեղաններ: Համալիրում կա հրաձգարան և ծանրամարտի դահլիճ, իսկ գործող լողավազանն ունի 25 մետր երկարություն և 4 լողուղի: Այն նախատեսված է նաև ակվաաերոբիկայի համար:
Ամառային մարզահրապարակները երկուսն են` մեծ թենիսի և ծովափնյա վոլեյբոլի կորտերը: Ծովափնյա վոլեյբոլի կորտը նույնպես Հայաստանում միակն է, և նրա համար հատուկ ավազ է ներկրվել դրսից:
Համալիրում գործելու են նաև մի քանի բար-սրճարաններ և առանձնացված երկու շոգեբաղնիք` կանանց և տղամարդկանց համար: Փոքրիկ այցելուների համար գործում է մանկական սրահ. երեխաների հետ համալիր կարող են այցելել նաև ծնողները:
Ավելացնենք, որ, ընդհանուր առմամբ, 12 մարզաձևի համար նախատեսված մարզասրահները հագեցած են հիգինեայի պահպանման համար անհրաժեշտ պայմաններով, իսկ հանդերձարանների պահարաններն ունեն անհատական էլեկտրոնային փականներ:
Ծառայությունների գնային սանդղակը ներառում է երկու կատեգորիա: Մատչելի գներ կսահմանվեն ֆիքսված գրաֆիկով մարզական խմբակների համար, իսկ առանց նման գրաֆիկի և անհատական մարզչով այցելուների համար կգործեն համեմատաբար բարձր գներ:
Լրահոս
Տեսանյութեր
Լավագույն դրամատիկ տենորներից Արսեն Սողոմոնյանը համերգաշարով ցույց կտա՝ արվեստը չունի սահմաններ