Անհարգելի բացակայող պատգամավորների աշխատավարձից օրական պահումներ կարվեն. ԱԺ նախագահն է հանձնարարել
Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի հանձնարարությամբ, այսուհետև անհարգելի բացակայող պատգամավորների աշխատավարձից օրական պահումներ են կատարվելու: Այդ մասին գրել է ԱԺ նախագահը «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում:
«Կարծում եմ, որ հաշվի առնելով այն հանգամանքը, որ գործող խորհրդարանը պրոֆեսիոնալ է` յուրաքանչյուր պատգամավոր պետք է գիտակցի, որ ժողովրդի կողմից ընտրվել է օրենսդիր աշխատանք իրականացնելու համար և վերջինս հանդիսանում է նրա հիմնական աշխատանքը: Իհարկե, չեմ բացառում, որ բացակայությունները ունենան հարգելի պատճառ և այս առումով պատգամավորների բացակայությունները, «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքով սահմանված կարգով կարող են ճանաչվել հարգելի:
Խիստ բացասական եմ գնահատում պատգամավորների անհարգելի բացակայությունները և ուզում եմ նշել, որ արդեն իսկ հանձնարարել եմ, որպեսզի այն պատգամավորների աշխատավարձից, որոնք անհարգելի բացակայել են, յուրաքանչյուր օրվա համար կատարվեն պահումներ: Չմոռանանք, որ խորհրդարանը պրոֆեսիոնալ դարձել է 1999 թվականից և նմանատիպ խնդիրները բնականոն բնույթ կրում են ոչ միայն Հայաստանի այլ նաև տարբեր երկրների խորհրդարանների համար: Սակայն, անշուշտ, վերջին հաշվով պատգամավորի գործունեության վերջնական գնահատականը տալիս է ընտրողը», -ասված է Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառման մեջ:
Նշենք, որ Ազգային ժողովի նիստերից հիմնականում բացակայում են պատգամավորներ Տիգրան Արզաքանցյանը, Լևոն Սարգսյանը, Ռուբեն Հայրապետյանը Ալվարդ Պետրոսյանը, Հարություն Փամբուկյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Հինգ իրավապաշտպաններ Բռնադատվածներին նվիրված հուշահամալիրի մոտ կկազմակերպեն բողոքի ակցիա