Ռուբեն Հայրապետյան. «Ռուսաստանի ֆուտբոլային միությունից ոչ մի դիմում չենք ստացել»
Ինչպես արդեն տեղեկացրել ենք` հենվելով Ռուսաստանի ֆուտբոլային միության պաշտոնական կայքի տարածած տեղեկատվության վրա, ՌՖՄ-ի անվտանգության և երկրպագուների հետ աշխատանքի կոմիտեի նիստում որոշվել է նամակ ուղարկել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիա` կապված «Հանրապետական» մարզադաշտի անվտանգության ծառայության աշխատակիցների գործողությունների հետ: Հիշեցնենք, որ մարտի 26-ին տոմս ունեցող ռուս շատ երկրպագուներ չեն կարողացել մտնել մարզադաշտի մուտքերի մոտ գոյացած մարդկանց կուտակումների պատճառով` զրկվելով Հայաստան-Ռուսաստան ֆուտբոլային հանդիպմանը հետևելու իրենց իրավունքից:
«Ռուս երկրպագուների հետ կատարված միջադեպի հանգամանքների քննարկման արդյունքների հիման վրա կոմիտեն որոշել է ՌՖՄ-ի անունից նախապատրաստել և Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիա ուղարկել համապատասխան դիմում: Մեր հայ գործընկերների հետ միասին մենք ցանկանում ենք խաղալ նույն կիսադաշտում, նույն խաղը»,- ասել է անվտանգության կոմիտեի նախագահ Վիկտոր Օզերովը:
ՌՖՄ նախագահի անվտանգության գծով խորհրդական Ալեքսեյ Տարասենկոն, իր հերթին, բացատրել է, թե խոսքն ինչ առարկությունների մասին է:
«Ռուս երկրպագուների` մարզադաշտ մուտքի կազմակերպումը, ընդունող կողմի կատարած անվտանգության այլ միջոցառումները կրել են չհիմնավորված, չմտածված բնույթ և չեն համապատասխանել ՈՒԵՖԱ-ի անվտանգության կանոնակարգի պահանջներին»,- Տարասենկոյի խոսքերը մեջբերել է ՌՖՄ-ի պաշտոնական կայքը:
Այսօր կայացած մամուլի ասուլիսում Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը հայտարարեց, որ ռուսաստանյան կողմից իրենք որևէ նամակ չեն ստացել: «Հավանաբար, նրանք նույնպես հասկանում են, որ մենք գործել ենք սահմանված կանոնների շրջանակներում»,- շեշտեց ՀՖՖ նախագահը:
Լրահոս
Տեսանյութեր
Լավագույն դրամատիկ տենորներից Արսեն Սողոմոնյանը համերգաշարով ցույց կտա՝ արվեստը չունի սահմաններ