ԼԱՍ. «Պաշտոնական Բաքուն պետք է հարգի միջազգային կառույցների առջև ստանձնած պարտավորությունները»
Մամուլի ազատության պաշտպանության «Լրագրողներ առանց սահմանների» (ԼԱՍ) միջազգային կազմակերպությունը կոչ է անում Ադրբեջանի իշխանություններին՝ անհապաղ ազատ արձակել բլոգեր Բախտյար Գաջիևին, ով մեղադրվում է զինվորական ծառայությունից խուսափելու համար կեղծ մեղադրանքով:
Այս մասին տեղեկացնում է «Թուրան» լրատվական գործակալությունը:
Կազմակերպության հայտարարության մեջ այդ կապակցությամբ նշվում է, որ նրա ձերբակալության իրական պատճառը Facebook սոցիալական ցանցում Բաքվում կազմակերպվող բողոքի ակցիաներին երիտասարդներին ակտիվ մասնակցություն ցուցաբերելուն ուղղված կոչերն են եղել, ինչպես նաև խորհրդարանական ընտրությունների խարդախությունների բացահայտման ուղղությամբ սոցալական ցանցերում իր ակտիվ գործունեությունը:
Ձերբակալումից հետո Բախտյար Գաջիևն Գյանջայի ոստիկանության կողմից ենթարկվել է ֆիզիկական և հոգեբանական ճնշումների:
«Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպությունը կոչ է անում իշխանություններին անհապաղ ազատ արձակել Բախտյար Գաջիևին և նրա վրայից հանել բոլոր մեղադրանքները:
«Պաշտոնական Բաքուն պետք է հարգի միջազգային կառույցների առջև ստանձնած պարտավորություններն ու համապատասխան կոնվեցիաները»,- նշված է հայտարարության մեջ: