«Պատկերապատման Հրավառություն» ` մայիսի 6,7,8-ին
ՎիվաՍել-ՄՏՍ-ը` «ՄՏՍ» ԲԲԸ դուստր ձեռնարկությունը, տեղեկացնում է, որ Հայաստանում Պատկերապատման Զարգացման Միություն (ՀՊԶՄ) կազմակերպության նախաձեռնությամբ մայիսի 6,7,8-ին կանցկացվի «Պատկերապատման Հրավառություն» փառատոնը, որի նպատակն է խթանել Հայաստանում պատկերապատման արվեստի զարգացմանը:
Փառատոնի շրջանակներում նախատեսվում է անցկացնել պատկերապատման վարպետության դասընթաց` պատկերապատման ասպարեզում միջազգային ճանաչում ունեցող վարպետների կողմից: Կկազմակերպվեն նաև ցուցահանդեսներ, ֆիլմի ցուցադրություն:
ՎիվաՍել-ՄՏՍ ընկերության լրատվության վարչության հաղորդմամբ, փառատոնի հյուրերը կլինեն ՀՊԶՄ կազմակերպության նախագահ, Ֆրանսիայի ք. Անգուլեմի Պատկերի և Պատկերապատման միջազգային փառատոնի հիմնադիր Ժան Մարդիկյանը, ՀՊԶՄ միջոցառումների պատասխանատու, պատկերապատման լրագրող, քննադատ, սցենարիստ Լորան Մելիքյանը, ֆրանսիացի նկարիչ, պատկերապատող Դոմինիկ Բեղտայը, լիբանանցի նկարիչ, պատկերապատող Զումանա Մեդլեջը:
Փառատոնն իրականացվում է Հայաստանի Հանրապետության Մշակույթի նախարարության աջակցությամբ և ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր հովանավորությամբ:
Հայաստանում Պատկերապատման Զարգացման Միությունը (ՀՊԶՄ) ստեղծվել է 2007թ.-ին Ֆրանսիայի Անգուլեմ քաղաքում: Պատկերապատման արվեստն ամբողջ աշխարհում ունի իր ուրույն տեղը և կոչվում է իններորդ արվեստ: Հայաստանում այս արվեստը նոր է վերելք ապրում, սակայն արդեն գոյություն ունեն ամսագրեր, որտեղ տպագրվում են պատկերապատումներ: Գործունեության չորս տարիների ընթացքում ՀՊԶՄ-ի կողմից կազմակերպվել են երկու միջազգային փառատոններ և մեկ պատկերապատման վարպետության դասընթաց, որին մասնկացել է տասնմեկ նկարիչ: Դասընթացների ընթացքում յուրաքանչյուր մասնակից ստեղծել է պատկերապատում, որը ցուցադրվել է Հայաստանի Նկարիչների Միությունում և Նարեկացի Արվեստի Միությունում: Փառատոնների շրջանակներում կայացել է պատկերապատման մրցույթ, որին մասնակցել են 50-ից ավել նկարիչներ: Խնկո Ապոր անվան մանկական գրադարանին նվիրաբերվել է հազարից ավել պատկերապատման գրքեր: