Նոր զարգացումներ Դինքի սպանության գործով դատավարությունում
Ըստ «CnnTurk» լրատվականի` Անկարայի դատախազությունը 2010թ. դիմել էր թուրքական կառավարությանը Հրանտ Դինքի սպանության գործով Թուրքիայի ազգային հետախուզական ծառայության (MİT-ՄԻԹ)-ի աշխատակիցներին հարցաքննելու թույլտվություն ստանալու նպատակով: Առաջին դիմումի պատասխանը բացասական էր եղել: Բայց 2011թ. հունվարի 21-ին Թուրքիայի վարչապետը հարցաքննություն անցկացնելու թույլտվություն է տվել: Նախագահ Գյուլի հրահանգով գործի է անցել նաև Պետական վերահսկիչ պալատը, որի նախագահն ու տեսուչներն ապրիլի 25-ին հանդիպել են Դինքի ընտանիքի անդամների հետ և որոշ հարցեր պարզաբանել:
Դինքն իր սպանությունից մեկ շաբաթ առաջ` 2007-ի հունվարի 12-ին, «Ինչո°ւ թիրախ ընտրվեցի» վերնագրված հոդվածում նշել է, որ 2004-ի փետրվարի 4-ին իրեն կանչել էին Ստամբուլի նահանգապետարան, նախկին նահանգապետի օգնական Էրոլ Գյուգյորի ներկայությամբ իրեն նախազգուշական կոչեր էին արել երկու հոգի, որոնցից մեկը կին էր: Պատճառը Դինքի հոդվածն էր, ըստ որի Սաբիհա Գյոքչենը հայ որբ է եղել, ում իսկական անունը Հաթուն Սեբիլջիյան է: Ավելի ուշ պարզ դարձավ, որ դրանք «ՄԻԹ»-ի աշխատակիցներ են, իսկ նրանցից մեկն էլ` Օզել Յըլմազը «Էրգենեքոնի» գործով անցել է որպես կասկածյալ, ում նկատմամբ կալանքը չի ընտրվել որպես խափանման միջոց:
Նշենք, որ Սաբիհա Գյոքչենը Թուրքիայի Հանրապետության հիմնադիր Քեմալ Աթաթուրքի հոգեզավակն է: Նա առաջին թուրք կին օդաչուն է և աշխարհի առաջին կին ռազմական օդաչուն: Ճանաչվել է աշխարհի հայտնի 20 օդաչուներից մեկը, ընդ որում` այս տիտղոսին արժանացած առաջին և միակ կինն է։ Երբ 1934թ. Թուրքիայում օրենք ընդունվեց ազգանուն ունենալու մասին, Աթաթուրքը Սաբիհային տվեց Գյոքչեն (երկնային) ազգանունը: Սաբիհա Գյոքչենի հայկական արմատներ ունենալու կարևոր փաստարկներց մեկն այն է, որ նա տառապել է «երևանյան» կոչված հիվանդությամբ: «Ակօս»-ում տպագրված «Սաբիհա Գյոքչենի գաղտնիքը» հոդվածի հեղինակներն էին Հրանտ Դինքը և Տիրան Լոքմագյոզյանը: Հենց այդ հրապարակումից հետո Թուրքիայում սկսվեց Դինքին ուղղված հալածանքների և քննադատությունների մի մեծ ալիք: