ԿԳ նախարար. Զարմանալի է այն, որ ԱՄՆ դեսպանը տարիներ շարունակ այդպես էլ չի կարողանում այցելել Հին Ջուղա
Պատահական չէ, որ մշակույթի, գիտության և կրթության հարցերը քննարկվում են հենց Պաշտպանության նախարարության պատերի և տանիքի ներքո: Այսօր Պաշտպանության նախարարությունում մեկնարկած «Պատմություն և մշակույթ. ընդդեմ կեղծիքի և ոտնձգության» հանրապետական գիտաժողովի ժամանակ հայտարարեց ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը, ապա ավելացրեց, որ այն թեզը, որ դրված է այս գիտաժողովի հիմնական թիրախ, իրականում ազգային անվտանգության հետ կապված համալիր, բարդ, ֆունկցիոնալ խնդիր է:
«Ասում են, որ պատմությունը գրում են հաղթողները: Կարող ենք ասել, որ 21-րդ դարի 2011թ.-ի դրությամբ հայ ժողովուրդը հաղթող է իր պատմության ընթացքում: Հայը երբեք կարիք չի ունեցել չարաշահելու իր հաղթած լինելու հանգամանքը, որպեսզի գրի սեփական պատմությունը: Սակայն բացառիկ դեպքերից է, որ պատերազմում հաղթվածն է փորձում գրել պատմությունը: Սա լկտիության և անբարոյականության դրսևորում է, որ ունենք հարևան երկրում»,-ասաց ԿԳ նախարարը:
Աշոտյանի գնահատմամբ, ակադեմիական շրջանակներ չեն ընդունում և ծիծաղով են վերաբերում ադրբեջանական խեղաթյուրումներին: Սակայն հասարակ քաղաքացու համար` անգամ Արևմուտքի և Արևելքի քաղաքական էլիտաների համար, իրականում Հարավային Կովկասում ստեղծված իրավիճակի տեղեկատվական հոսքի թերի ընկալում կա: Անդրադառանալով Հին Ջուղային` նախարարը նշեց, որ մի գերտերություն վերջիվերջո կարողանում է գտնել և ոչնչացնել թիվ մեկ ահաբեկչին, սակայն, զարմանալի է այն, որ այդ երկրի դեսպանը տարիներ շարունակ այդպես էլ չի կարողանում այցելել Հին Ջուղա և տեսնել իրականում` ինչ է կատարվել հայկական մշակութային ժառանգության հետ:
Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանն իր հերթին նշեց, որ այսօր միջազգային ասպարեզում տեղի ունեցող մշակույթային բնույթ կրող տարբեր ծրագրերի շրջանակում մենք ավելի ու ավելի ակնհայտ տեսնում ենք այն հակաքարոզչությունը, որը կիրառում է Ադրբեջանը միջազգային բոլոր ծրագրերի շրջանակներում:
Նա հայտնեց, որ վերջին օրերին, երբ իրենք պատվավոր հյուրի կարգավիճակով մասնակցում էին Շվեյցարիայում տեղի ունեցող շատ հեղինակավոր գրքի ցուցահանդեսին, կրկին ադրբեջանական կողմը փորձում էր հիստերիա բարձրացնել տարբեր գրքերի և հրապարակումների շուրջ:
Համաձայն բանախոսի` բոլոր անհատներին, ովքեր մասնակցում են ցանկացած ձևաչաձի միջազգային միջոցառմանը, պետք է տրվի հանրամատչելի ձեռնարկներ, որոնցով նրանք կկարողանան տալ համապատասխան հակազդեցություն:
«Ցավոք սրտի, մենք նման լայնածավալ աշխատանքների դեռ պատրաստ չենք: Ուստի ցանկանում եմ, որ այս ծրագրից հետո մենք լինենք մի քայլ առաջ այն իրավիճակից, որտեղ գտնվում ենք»,-եզրափակեց Հասմիկ Պողոսյանը:
Նշենք, որ Պաշտպանության նախարարության նախաձեռնությամբ մայիսի 4-6-ը անցկացվող «Պատմություն և մշակույթ. ընդդեմ կեղծիքի և ոտնձգության» խորագրով հանրապետական գիտաժողովի 6-րդ և 7-րդ նիստերը կընթանան ԵՊՀ-ում:
Հանրապետական գիտաժողովի 6-րդ նիստը կմեկնարկի մայիսի 5-ին` ժամը 15:00-ին, իսկ 7-րդ-ը` նույն օրը` ժամը 16:45-ին: Գիտաժողովի նիստերը կանցկացվեն ԵՊՀ գիտխորհրդի նիստերի դահլիճում (ԵՊՀ կենտրոնական մասնաշենք, 5-րդ հարկ):
Գիտաժողովին մասնակցում են ՀՀ ԳԱԱ-ն, ԵՊՀ-ն, Խ. Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանը, ՀՀ մշակույթի նախարարության պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնը, Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող կազմակերպությունը, «Կովկասի ինստիտուտ» հիմնադրամը: