Հերթական կասկածելի պատահականությունը Սևակ Շահինի սպանության գործում
Ապրիլի 24-ին, երբ աշխարհասփյուռ հայությունը սգում էր 1915թ. Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը, Թուրքիայում սպանվեց հայազգի զինվոր Սևակ Շահին Բալըքչըն: Թուրքական աղբյուրների տեղեկացմամբ` 25-ամյա Սևակ Շահինը մահացել է ծառայակից ընկերոջ հետ կատակելու ընթացքում` հրազենից արձակված կրակոցից:
Ermenihaber.am (Էրմենիհաբեր) լրտավական կայքն իրազեկում է, որ ի հայտ են եկել նոր մանրամասներ Սևակի մահվան վերաբերյալ: Մասնավորապես պարզվել է, որ այդ օրը զինվորներին հանձնարարված էր զորամասի շուրջբոլորը փշալարեր անցկացնել: Սովորաբար այդ գործողությունից առաջ հրամանատարների հսկողությամբ զինծառայողները դատարկում են զենքերի պահունակները, հետո միայն, կրկին հրամանատարների հսկողությամբ, անցկացնում են փշալարերը: Սակայն, այդ չարաբաստիկ օրը ոչ մի հրամանատար չի վերահսկել այդ գործողությունները և Սևակին սպանած Քըվանչ Աղաօղլուն չի դատարկել իր զենքի պահունակը: Նշենք որ, Քըվանչ Աղաօղլուն զինվորական դատարանի որոշմամբ ձերբակալվել է: