Մեկնարկեց համակարգչային խաղերի նախագծման առաջին հայկական «Բաց խաղ» առաջնությունը
Այսօր մեկնարկեց համակարգչային խաղերի նախագծման Հայաստանի առաջին բաց առաջնությունը, որը կազմակերպել են Ինֆորմացիոն Տեխնոլոգիաների Ձեռնարկությունների Միությունը (ԻՏՁՄ) և «Orange Արմենիա» ընկերությունը: Առաջնության նպատակն է զարգացնել համակարգչային խաղերի նախագծման ոլորտը Հայաստանում, որը հնարավորություն կտա ստեղծել նոր բիզնես միջավայր, բացահայտել նոր տաղանդներ, մոտիվացնել երիտասարդներին, ովքեր հնարավորություն կունենան իրականացնել իրենց մտահղացումները և կմասնակցեն լավագույն ՏՏ ընկերություններում նախագծերի իրականացմանը:
«Ըստ DISCOVERY Research Group-ի` Ռուսաստանի Դաշնությունում 2010թ. Համակարգչային Խաղերի շուկայի ծավալը հասել էր 540 մլն ԱՄՆ դոլարի, իսկ համաշխարային շուկայինը կազմում է 42 մլրդ: Կարծում ենք, որ սա այն ոլորտներից է, որ դեռ բավականաչափ չի հետազոտվել ու շահագործվել Հայաստանում: Կարծում ենք, որ ժամանակն է նաև Հայաստանում խրախուսել հայ ծրագրավորողներին` փորձել ուժերն այս ոլորտում»,- ասաց ԻՏՁՄ-ի գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը:
«Համակարգչային խաղերի ոլորտն արդեն իր հաստատուն դերն ունի ՏՏ և հեռահաղորդակցության ոլորտում: Նոր, սակայն շատ դինամիկ կերպով զարգացող ու աճող ոլորտ է հեռախոսների համար նախատեսված խաղային ծրագրերի և հավելվածների ոլորտը: Այս համատեսքստում հայկական բովանդակությունը պետք է հետ չմնա համաշխարհային զարգացումներից: Հուսով ենք, որ այս առաջնությունը մեզ թույլ կտա վեր հանել տաղանդներին ու գտնել նրանց գաղափարների իրականացման համար լավագույն ուղիները »,- նշեց Orange Արմենիայի գլխավոր տնօրեն Բրունո Դյութուան:
Առաջնությունն անցկացվելու է 4 փուլով և ունենալու է 7 անվանակարգ` Լավագույն խաղ, Սցենար, Կերպար, Դիզայն, Անիմացիա, Նորարարություն և Լավագույն շարժական հավելված-խաղ: Յուրաքանչյուր փուլի ընթացքում մասնակիցները կներկայացնեն իրենց կողմից նախագծված համակարգչային խաղերը` խաղի կոնցեպտը, գրաֆիկան/դիզայնը և տեխնիկական հնարավորությունները, որոնց համար կգնահատվեն ժյուրիի կողմից: Մինչև 3-րդ փուլը ներառյալ` կարող են գրանցվել նոր մասնակիցներ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ կկորցնեն մինչև մասնակցության հայտը ներկայացնելու օրը անցկացված փուլերի միավորները: 4-րդ` եզրափակիչ փուլում մասնակիցները կներկայացնեն խաղերն ամբողջությամբ և կորոշվի լավագույն խաղը, իսկ բոլոր կատեգորիաների հաղթողներին կտրվեն դրամական պարգևներ:
Մրցանակաբաշխության օրը Orange-ի Հյուսիսային պողոտայում գտնվող գլխավոր խանութի ստորին հարկում առավոտից մինչև երեկո կկազմակերպվի ցուցահանդես, որտեղ կցուցադրվեն ոչ միայն մասնակիցների մշակած խաղերը, այլ նաև համակարգչային խաղերի ոլորտը ներկայացնող այլ ստուդիաներ ու արտադրողներ:
Առաջնության շրջանակներում տեղի կունենան նաև համակարգչային խաղերի նախագծման դասընթացներ, որոնց նպատակն է հնարավորություն ընձեռել սկսնակներին ձեռք բերել մասնագիտական գիտելիքներ խաղերի նախագծման, դիզայնի և անիմացիայի ոլորտում: