Ադրբեջանում ոստիկանության ու քաղաքացիների միջև զանգվածային ծեծկռտուք է եղել
Այսօր առավոտյան հիջափի արգելքի հետ կապված մի քանի հարյուր կրոնավորներ Ադրբեջանի կրթության նախարարության դիմաց բողոքի ակցիա են անցկացրել: Այս մասին տեղեկացնում է «Թուրան» լրատվական գործակալությունը:
Հիշեցնենք, որ Ադրբեջանի կրթության նախարարի հրամանով արգելվել էր կրթական հաստատություններ՝ հիջափով ուսումնական պրոցեսի ներկայանալը:
Որոշ աղբյուրների համաձայն, ակցիային մասնակցողների թիվը հասել է 2 հազարի: Վերջիններս հանդես են եկել «Ալլահ Ակբար» կարգախոսներով և պահանջել են կրթության նախարար Միսիր Մարդանովի հրաժարականը:
Ոստիկանությունը որոշել է ցրել ակցիան, ինչի արդյունքում մեծ թվով մարդիկ մահակների հարվածներ են ստացել ու արյունի մեջ «թաթախված» տեղափոխվել հիվանդանոց: Ծեծի են ենթարկվել նաև մի քանի լրագրողներ, ջարդվել են վերջիններիս տեսախցիկները:
Այս պահին հաղորդվում է, որ ակցիայի մասնակիցների մի մասը դաժան ծեծի արդյունքում կորցրել է գիտակցությունը, մեծ մասնակիցներ ձերբակալվել են:
Նախարարության դիմաց տեղի ունեցած ջարդը շարունակվել է նաև հարակից փողոցներում, բողոքի ակցիայի մասնակիցները ոստիկաններին պատասխանել են քարեր նետելով:
Հիշեցնենք, որ վերջին ժամանակներս նման ակցիաներ մի քանի անգամ կազմակերպվել են, սակայն ոստիկանության կողմից կոտորեն ցրվել են: