Խորհրդարանական ընտրություններից առաջ լուրջ ռեֆորմացիոն գործընթացներ են ընթանում
Վերջին շրջանում իշխանությունների ու ՀԱԿ-ի փոխհարաբերություններում նկատվող զարգացումները հասարակության մի հատվածին թույլ տվեցին եզրակացնելու, թե իշխանության ու ՀԱԿ-ի միջև երկխոսություն է ընթանում: Սա միակ գնահատականը չի իհարկե. կան մարդիկ, որ խոսում են պարզ գործարքի մասին, կան նաև ընդդիմությանը «պարտվողական» դիրքորոշման մեջ մեղադրողներ:
Սկսենք այն բանից, որ երկու կողմերն էլ (իշխանություն, ՀԱԿ) այսօր քայլեր են անում, որով այսպես ասած ճանաչում են միմյանց, այսինքն՝ մեկը մյուսին լեգիտիմացնելու որոշակի գործընթաց կա այնուամենայնիվ: Հայաստանյան իրականության մեջ սա կարևոր է գոնե այնքանով, որ աննախադեպ է:
Պետք է նշել, որ Հայաստանում մինչև 2007 թվականը դասական ընկալումով ընդդիմություն չկար: Այդ ժամանակ ինչ-որ ձևով իրենց մասին հիշեցնում էին ՀԺԿ-ի ղեկավար Ստեփան Դեմիրճյանի շուրջ միավորված ուժերը, որոնք սակայն 2007 թվականի խորհրդարանական ընտրությունների շեմին արդեն մարել էին: Եվ այսօր ՀԱԿ-ը՝ ի դեմս իր առաջնորդի լուրջ քայլ է կատարում իր ղեկավարած ուժը պարզապես ուժից քաղաքական ուժի վերածելու հարցում, ինչն անխոս քաղաքական համակարգի կայունացման առումով մեծ նշանակություն ունի:
Ինչ վերաբերվում է երկխոսության վերաբերյալ հայտարարություններին, ապա անհրաժեշտ է նշել, որ այս գործընթացը սկսվել էր դեռևս 2008 թվականին, երբ հոկտեմբերի 2-ին նախագահ Սերժ Սարգսյանը ուղերձով դիմեց ժողովրդին ու ԱԺ-ին.
«Մենք պետք է մեծացնենք քաղաքական կուսակցությունների, քաղաքական ինստիտուտների դերակատարությունը մեր երկրի զարգացման գործում: Անկախացումից 17 տարի անց մենք դեռ արդիական քաղաքական դաշտի կայացման գործում հսկայական ճանապարհ ունենք անցնելու: Եվ, որպես այս ուղղությամբ իմ կողմից առաջին ներդրում, ես պատրաստվում են առաջիկայում երկրի համար կենսական ու ռազմավարական նշանակության ունեցող հարցերի շուրջ պարբերաբար թեմատիկ խորհրդակցություններ նախաձեռնել և հրավերել կուսակցությունների ղեկավարներին»:
Հանրապետության նախագահի մեսիջներն անպատասխան չմնացին և, 2009 թվականի մարտի մեկի կայացած հանրահավաքում ելույթ ունենալով, առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն իր խոսքում մասնավորապես նշեց.
«Ժամանակն է, որ նրանք (իշխանությունները) արմատապես փոխեն իրենց գործելակերպն ու մեթոդները և ժողովրդի հետ մահակի լեզվով խոսելու փոխարեն, փորձեն խոսել բոլորովին այլ, քաղաքակիրթ աշխարհում ընդունված լեզվով, ինչը չի կարող չընկալվել ու ըստ արժանվույն չգնահատվել հասարակության կողմից: Ժամանակն է, քանի որ ներքաղաքական լարվածությանն արդեն սպառնում է գումարվել նաև սոցիալական լարվածությունը՝ կապված ֆինանսա-տնտեսական ճգնաժամի և բնակչության կենսամակարդակի կտրուկ անկման հետ»:
ՀԱԿ առաջնորդն իր պատրաստակամությունը հայտնեց գործընթացը տանել լրիվ այլ հարթակ, որտեղ կողմերը փոխադարձորեն կճանաչեին միմյանց լեգիտիմությունը:
Սակայն գործընթացում դանդաղեցում նկատվեց 2009 մայիսի 31-ին կայացած Երևան քաղաքի ընտրություններում, երբ ՀԱԿ-ը հանկարծ հայտարարեց, որ այդ ընտրությունները դիտում է որպես նախագահական ընտրությունների «երկրորդ փուլ»՝ փաստորեն վերադառնալով ուժային ճնշումների քաղաքականությանը:
Սրանից հետո արդեն մանդատներից հրաժարվելն ընդամենը տեխնիկական քայլ էր:
Ժամանակն իր տրամաբանությունն էր թելադրում: 2009 նոյեմբերի 28-ին, ՀՀԿ 12-րդ համագումարում հանրապետության նախագահը մի նոր քայլ է անում՝ «Մենք հաստատակամ ենք մեր հռչակած նպատակներն իրականացնելու ճանապարհին, բայց մենք նաև գիտենք լսել և հաշվի առնել հնչող առաջարկներն ու քննադատությունը: Մենք հաստատակամ ենք, բայց նաև ճկուն»: Ապա` 2010 թվականի վերջին՝ դեկտեմբերի 18-ին կայացած ՀՀԿ 20-ամյակի միջոցառումներ ժամանակ հնչեցված ելույթում, որտեղ նախագահի խոսքն ըստ էության ծրագրային էր, հնչեց հետևյալը՝ «Միշտ պետք է հիշել, որ ընդդիմությունը մեր երկրի ու մեր քաղաքական դաշտի հարստությունն է, մեր զարգացման կարևորագույն խթաններից մեկը, իսկ «հանուն» գաղափարների շուրջ միավորված և լավ կազմակերպված ընդդիմությունը պարզապես բարեբախտություն է: Հրաշալի է, որ մեր երկրում այդպիսին կա և ամրանում է»:
Ասել է թե՝ նախագահի ծաղկաձորյան հայտնի ելույթն արդեն նախապատրաստված էր ու ճանաչելի շարքում էր: Այս դեպքում արդեն ՀԱԿ առաջնորդը ըստ էության չէր կարող անարձագանք թողնել մյուս կողմից հնչող սիգնալները: Մնացածը հայտնի է:
Այսօր արդեն ակնհայտ է դառնում, որ 2012 թվականի խորհրդարանական ընտրություններից առաջ լուրջ ռեֆորմացիոն գործընթացներ են ընթանում, և բոլոր հիմքերը կան մտածելու, որ դրանք իրենց շարունակությունն են ունենալու 2012-ի խորհրդարանական ընտրությունների ժամանակ:
Մեկնաբանությունը` Տիգրան Աբրահամյանի
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա