Վաճառքի է հանվել «WhoCares» խմբի ձայնասկավառակը. ողջ հասույթը կփոխանցվի Գյումրու թիվ 6 երաժշտական դպրոցին
Գերմանական earMUSIC/Edel ընկերությունը թողարկել և վաճառքի է հանել Deep Purple-ի վոկալիստ Իէն Գիլանի և Black Sabbath-ի կիթառահար Թոնի Այոմիի կողմից ստեղծված WhoCares խմբի ձայնասկավառակը: Սկավառակը հասանելի է CD և վինիլային կրիչներով, ինչպես նաև կարող է բեռնվել աշխարհի առաջատար օն-լայն խանութներից:
Ինչպես այսօրվա ասուլիսում հայտնեց «Մեդիամաքս» գործակալության տնօրեն Արա Թադևոսյանը, սկավառակի վաճառքից ստացված ողջ հասույթը WhoCares-ը կփոխանցի Գյումրիի թիվ 6 երաժշտական դպրոցի վերականգմանը: Նա նաև նշեց, որ այս ձայնասկավառակին շատերն են սպասել, դրա վերաբերյալ ակտիվ քննարկումներ են եղել տարբեր ֆորումներում: Քննարկումների պատճառներից մեկն էլ այն էր, որ Իէն Գիլանն ու Թոնի Այոմին վերջին անգամ համագործակցել են 1983թ.-ին:
Ձայնասկավառակում ներկայացված են երկու նոր երգեր` Out of My Mind-ը և Holy Water-ը: Out of My Mind երգի տեսահոլովակն այսօր ներկայացվեց լրագրողներին:
Ասուլիսին ներկա էր նաև ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը: Նա խոստովանեց, որ այստեղ է եկել և որպես ռոքի սիրահար, և որպես բարեգործությունը գնահատող մարդ:
Նա հայտնեց, որ կառավարությունը խրախուսելու է ծրագրի մասնակիցներին, ինչպես նաև շարունակվելու է «Ռոքն ընդդեմ ցեղասպանությանը» ակցիան:
Այդ ծրագրի շրջանակում 2015թ.-ին` Ցեղասպանության 100-րդ տարելիցին Հայաստան ժամանած հայտնի ռոք աստղերի ու խմբերի մասնակցությամբ տեղի կունենա գալա համերգ:
«Երբ 2009թ.-ին նախաձեռնում էինք «Հայաստանը շնորհակալ է ռոքին» նախագիծը` իհարկե երազել անգամ չէինք կարող, որ այն կարող է Իէն Գիլանին և Թոնի Այոմիին մղել նորից միասին ստեղծագործել: Մեծ երջանկություն է գիտակցել, որ մարդիկ, ովքեր օգնեցին մեզ 22 տարի առաջ
կրկին մեր կողքին են»,- ասաց Արա Թադևոսյանը:
«Orange Արմենիա»-ի գլխավոր տնօրեն Բրունո Դյութուան ասուլիսի ընթացքում հայտարարեց, որ Orange-ը միանում է բարեգործությանը և 15 հազար եվրո է հատկացնում Հայ օգնության միությանը` Գյումրու երաժշտական դպրոցի վերանորգման համար: Դյութուան կարևորեց այն, որ իրենք ոչ միայն մասնակցում են, այլ փորձում են իրենց բաժանորդներին ներգրավել բարեգործության մեջ:
Նշվեց նաև`1989թ. ռոքի գերաստղերի կողմից ձայնագրված Deep Purple խմբի ամենահայտնի հիթը` Smoke on the Water-ը, որը մինչ այժմ լեգալ կերպով հասանելի չէր Հայաստանում, այսօր հասանելի է և ավելին` Orange-ի բաժանորդները կարող են ներբեռնել իրենց հեռախոսներում` վճարելով 450 դրամ կամ:
Կարող են այն օգտագործել որպես սպասազանգ` վճարելով միանվագ 400 դրամ: Ընկերության տնօրենը խոստացավ, որ ներբեռնումից ստացած ամբողջ գումարը ևս ուղղվելու երաժշտական դպրոցի վերականգմանը:
Լրահոս
Տեսանյութեր
Կլինի այնպիսի մի շաբաթ, երբ որ այդ լուրը գուցեև ճիշտ լինի. Ավանեսյանը՝ ՔՊ-ի թիրախում լինելու մասին