Վիգեն Սարգսյանը հանդիպել է ՏՏ ոլորտի առաջատար ուսանողների հետ
Այսօր «Սինոփսիս Արմենիայում» տեղի ունեցավ Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում ՀՀ նախագահի ամենամյա կրթական պարգևի հաղթողների ակումբի անդամների հանդիպումը` ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Վիգեն Սարգսյանի հետ:
«Սինոփսիս Արմենիայի» տնօրեն Հովիկ Մուսայելյանը համոզմունք հայտնեց, որ այսօրինակ մրցանակների հաղթողներն են մոտ ապագայում ձևավորելու մեր երկրի տնտեսական, քաղաքական և մշակութային էլիտան: Իսկ մեր երկրի հեղինակավոր անձանց հետ հանդիպումները մեծապես կնպաստեն այսօրվա առաջադեմ երիտասարդների աշխարհընկալման ընդլայնմանը:
Հանդիպման հյուրը` Վիգեն Սարգսյանն, իր խոսքում նշեց, որ կարևոր է վստահ լինել` այս երիտասարդները, նախագահի մրցանակ ստանալուց բացի, քաղաքացիական հասարակության ևս մեկ զանգված են ձևավորելու` պատրաստ խոսելու և գործելու հանուն ճշմարտության:
«Հաղթողի անունը պարտավորեցնող է: Աստվածաշնչյան ճշմարտություն է` ում ավելին է տրված, նրանից ավելին է սպասվում: Նախագահի մրցանակակիր դառնալուց հետո պետք է անտարբեր չլինեք, պետք է չվախենաք: Պետք է խոսել նաև այն ժամանակ, երբ պաշտպանելը դժվար է»:
Բանախոսը ներկայացրեց նաև տեղեկատվական հեղափոխության իր դիտարկումները, նշելով, որ այն մեր հասարակությունում արդեն իրականութուն է դարձել. մեր հասարակությունը տեղեկատվություն սպառողից դարձել է տեխեկատվություն տրամադրող:
Հաղթողների ակումբի անդամները տվեցին ի շարք հարցրեր կապված ՀՀ ազգային անվտանգության, կրթության կարևորության, ՀՀ տնտեսական զարգացման և այլ թեմաներով: Իսկ վերջում հնչեց հանդիպումների ավանդական հարցն այն մասին, թե որն է եղել այն խորհուրդը, որը Վ. Սարգսյանն ամենահաճախն է կիրառում կյանքում: Պատասխանը կարճ էր. «Ազնիվ եղեք ինքներդ Ձեր հետ»:
Նշենք, որ Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում ՀՀ նախագահի ամենամյա կրթական պարգևը Սինոփսիս Արմենիայի և «Հայաստան» համահայկական հիմնադրամի հովանավորությամբ իրականացվող մրցանակաբաշխություն է, որին մասնակցում են Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի (Պոլիտեխնիկ) (ՀՊՃՀ), Երևանի պետական համալսարանի (ԵՊՀ), Հայաստանի ամերիկյան համալսարանի, Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանի, Եվրոպական տարածաշրջանային ակադեմիայի, ԵՊՀ-ին կից ֆիզիկա-մաթեմատիկական դպրոցի, ՀՊՃՀ Երեւանի հենակետային վարժարանի, «Քվանտ» վարժարանի, Երեւանի «Անանիա Շիրակացի» ճեմարանի, Գյումրու «Ֆոտոն» վարժարանի, Վանաձորի «Էվրիկա» վարժարանի և «Մխիթար Սեաստացի» կրթահամալիրի ուսանողներն ու աշակերտները:
Մրցանակները շնորհվում են հետևյալ անվանակարգերում` Գլխավոր մրցանակ, Լավագույն ասպիրանտ, Լավագույն մագիստրանտ, Լավագույն բակալավր, Լավագույն սփյուռքահայ ուսանող, Լավագույն ուսանողուհի, Լավագույն աշակերտ: Մրցանակաբաշխությունն իրականացվում է` սկսած 2005 թվականից: Անցած վեց տարիների ընթացքում ՏՏ ոլորտի 158 լավագույն ուսանողներ և աշակերտներ արժանացել են այս պարգևին:
«Սինոփսիս Արմենիա» ՓԲԸ-ի աջակցությամբ բոլոր տարիների մրցանակակիրների կազմով ստեղծվել և գործում է Հաղթողների ակումբ, որի գործունեության շրջանակներում պարբերական հանդիպումներ են կազմակերպվում ակումբի անդամների և Հայաստանի ինչպես ՏՏ ոլորտի առաջնորդների, այնպես էլ հայտնի անհատականությունների հետ: Սինոփսիս Արմենիան, որպես նախագահական մրցանակաբաշխության կազմակերպիչ, ինչպես նաև հաղթողների ակումբի ստեղծման նախաձեռնող, նպաստում է վերը նշված հանդիպումների կազմակերպմանը: Այս մաիսն տեղեկացնում են «Սինոփսիս Արմենիայի» մամլո ծառայությունից:
Լրահոս
Տեսանյութեր
Հայկ Դեմոյան. Արարատ Միրոզյանի երեկվա ասածը քրեորեն հետապնդելի հերթական գործողությունն է