Ի՞նչն ենք անվանում երկխոսություն
Մեծ ու ծանր մի հետազոտություն անցկացնել պետք չի՝ իմանալու համար, որ Հայաստանում այսօր ամենահաճախ օգտագործվող բառը «երկխոսությունն» է: Ես էլ, առանց երկար մտածելու, որոշեցի փնտրող մի քանի համակարգերում «երկխոսությունն» բառով հարցում անել: Սրանցից յուրաքանչյուրն էլ, իրենց հերթին, առանց երկար «մտածելու» վայրկյանի ընդամենը 1-2 տասնորդականի ընթացքում մոտ մեկական միլիոն հղում ներկայացրեց իմ ուշադրությանը: Հիշում եմ, նման մի բան ու ճիշտ նույն արդյունքներով արել էի 2008 թ. նույն այս օրերին: Այն ժամանակ ինֆորմացիոն «հեղեղի տակ» չմնալու ու այդ ամենում գոնե ինչ-որ ձևով կողմնորոշվելու հույսով մեր գրասենյակում «կլոր սեղան» էի հրավիրել: Այս դեպքում էլ արդեն ընթերցողիս ինչ-որ ձևով կողմնորոշելու համար նկատեմ, որ «կլոր սեղան» հրավիրելու հարցում արտառոց մի բան չկար՝ քննարկումներ կազմակերպում էի երկու շաբաթը մեկ պարբերականությամբ ու, որպես կանոն, դեռ մեկ շաբաթ առաջ մասնակիցներին էի ուղարկում քննարկման թեման ու դրա հետ կապված որոշակի նյութեր՝ հիմնականում մեր թերթի (ով տեղյակ չի՝ panorama.am շաբաթաթերթ) հրապարակումներից: Այս անգամ մի փոքր խորամանկության-պրովոկացիայի էի գնացել ու ոչ մի նման բան չէին արել՝ մասնակիցները քննարկվող թեմայի մասին իմացան միայն իմ համառոտ ողջույնի խոսք-ներածականից: Մարդիկ ակնհայտորեն վրդովված էին իմ պրովոկացիայից ու միանգամից հասկացնել տվին, որ որպես բողոք «դիալոգի մասին խոսելու են մոնոլոգներով», ու եթե ես ընդհանուր ինչ-որ բանի հանգելու ակնկալիքներ ունեի, ապա պետք էր ավելի պատշաճ ձևով նախապատրաստել քննարկումը:
Դիալոգ, այնուամենայնիվ, այդ օրը ստացվեց, բայց… ըստ Միխաիլ Բախտինի (մի անգամից նկատեմ, դիալոգի մասին Միխաիլ Բախտինի որոշ մտքեր առանցքային են նաև իմ այս նյությում), թե՝ յուրաքանչյուր մոնոլոգ, եթե այն ավարտուն ասելիք է և ներկայանում է որպես դիսկուրս, ամեն դեպքում ավելի ընդհանուր մի դիալոգի մաս է կազմում: Ինչևիցե, այդ օրը ոչ մեկը, կարծես, շտապելու տեղ չուներ, ու դիալոգ հասկացությունը ներկայացվեց գործնականում բոլոր տեսանկյուններից: Խոսվեց դիալոգի մետաֆիզիկայի ու ֆենոմենալոգիայի մասին, այն քննարկվեց որպես տրամաբանության և ապա նաև՝ սինտաքսիսի կանոններով կազմակերպվող մի համակարգ և այլ… բայց մոտ 3 ժամ տևած քննարկման ընթացքում ոչ մի խոսք չեղավ այդ օրերին Հայաստանում ինֆորմացիոն ու քաղաքական իդոլ դարձած «քաղաքական երկխոսության» (իշխանության և ընդդիմության միջև) համատեքստում: Մի անգամից ասեմ, որ սա հենց այն արդյունքն էր, ինչ ես ակնկալում էի. քննարկման սեղանի շուրջ բացառապես տրանսցենդենցիայի հակված մարդիկ էին, ու նրանք Հայաստանի այն ժամանակվա իրավիճակում չէին տեսնում որևէ մի բան, ինչ հնարավոր է ճանաչել ու հետո էլ արտիկուլացնել որպես երկխոսություն, ու… ոչ մի հարթությունում՝ լինի դա մեթոդական, ֆորմալ կառուցվածքային կամ՝ իմաստների:
Մեր այդ քննարկման ընթացքում Միխաիլ Բախտինի ժառանգությանը հղում անողները մի քանիսն էին, բայց առաջինը այդ մասին խոսեց Գևորգ Տեր-Գաբրիելյանը: Խոսեց բավականին երկար ու իրեն ոչ հատուկ՝ էմոցիոնալ հագեցած տեքստով՝ շատ բարձր է գնահատում նրա գիտական ժառանգությունը ու շատ լավ գիտի այն: Այս հարցում (Բախտինի գիտական ժառանգության իմացության) ես շատ հեռու եմ Գևորգից, ու այս նյութը պատրաստելիս, նախ վերընթերցեցի մեր այդ քննարկման արձանագրությունները՝ ինչ-որ թեզիսներ դուրս գրելով: Հետո, քիչ ու միչ թարմացրեցի Բախտինի ժառանգությունից իմ իմացածը: Փառք Աստծո գիտնականի ժառանգությանը վերաբերող կայքերը հիմնականում շատ լավ են գործիքավորված, ու հնարավոր է արագ գտնել այն, ինչ փնտրում ես: Շատերի ներողամտությանն եմ հայցում այն բանի համար, որ դիալոգի մասին Բախտինի հսկա ժառանգությունից աննշան փոքր ինչ-ինչ բաների եմ հղում անելու միայն ու շատ սխեմատիկ: Սա դեռ քիչ է, հղումներս շատ նեղ մի ինտենցիայի շրջանակներում են ու այնպես, որ կարողանամ դրանք «թարգմանել» ու արտիկուլացնել մեկ այլ լեզվի՝ քաղաքականության լեզվի շրջակներում:
Այսպես ուրեմն, ասվում է (խնդրում եմ, ասվածը չդիտել որպես ուղղակի մեջբերումներ)՝
դիալոգային փոխհարաբերություններ հնարավոր են միայն տարբերվող սուբյեկտների ավարտուն ասելիքների միջև (մեր ինտենցիայի շրջանակներում առանցքային եմ դիտում տարբերվող, սուբյեկտ և ավարտուն ասելիք-տեքստ հասկացությունները) և դրանք չեն կարող ռեդուկցվել ո՛չ տրամաբանական և ո՛չ էլ կառուցվածքային-սինտաքսիկ հարաբերությունների (ասել է թե՝ դիալոգ կա, երբ այն առկա է որպես ամբողջական ու ճանաչելի ֆորմա և չկա՝ երբ այն բերվում հանգեցվում է դրա մեթոդիկային կամ իմաստների՝ բայց առանց մեթոդիկայի)…
Դիալոգային փոխհարաբերությունները ենթադրում են լեզու, բայց լեզվական համակարգում չէ, որ դրանք ապրում են, այլ մշակութային, սոցիալական, այլ ֆենոմեններում (եթե մեր ինտենցիաների շրջանակներում դիտենք սա, ապա կստացվի, որ դիալոգային փոխհարաբերությունները գոյություն ունեն ունեն որպես իրադարձություն՝ հիմա կատարվողի ձևով, երբ այն ճանաչվում, փորձով յուրացվում և անվանվում է)…
Վերջապես շատ լավ հայտնի, դասագրքային դարձած մի միտք ևս՝ դիալոգը ստեղծվում է, երբ իրավիճակը փոփոխություններ է պահանջում, այն դիսկուրսի իշխանություն է, որ խորացնում է հեռանկարների ու տեսակետների բազմազանությունը, ստեղծում անհամար շատ նոր հնարավորություններ (մեր տեսանկյունից այստեղ առանցքային են՝ փոփոխություն, դիսկուրսի-տեքստի իշխանություն, բազմազանություն՝ ասել է թե դրա ճանաչում, հասկացությունները)…
Ահա, բավարարվում եմ այսքանով ու բերածով փաստորեն ներկայացնում իմաստների այն շարքերը, որտեղ փորձելու եմ ճանաչել ու գնահատել Հայաստանի իրավիճակից վերցրած որոշ փաստեր: Սկսեմ վերջից՝ բազմազանություն ու դրա ճանաչում՝ անվանում: Մի քանի ամիս առաջ գրած հոդվածներիցս մեկում նշել էի, որ Հայաստանում բազմազանություն արդեն կա՝ մշակութային, սոցիալական, քաղաքական, այլ… բայց այդ բազմազանության սուբյեկտները միմյանց գոյությունը (դրա իրավունքը) ճանաչելու ոչ մի ցանկություն չունեն: Այսինք, սուբյեկտներից և ոչ մեկը դիալոգի ցանկություն չուներ ու յուրաքանչյուր ցանկացած հարթությունում ձգտում էր մենաշնորհի, այդ թվում՝ ուրիշին ոչնչացնելու միտումով: Սա առավել ակնառու էր քաղաքական հարթությունում, որտեղ հիմնական սուբյեկտներն են իշխանությունը և ՀԱԿ: Դե, այս մասին շատ եմ գրել, ու ժամանակի ու տեղի անիմաստ վատնում կլիներ, որ նորից սկսեի հիմնավորել բերածս թեզը (փոխադարձ չճանաչելու ու մենաշնորհի ձգտման մասին): Թերևս, հիշեցնեմ միայն գլխավոր թեզերը, որ ի վերջո համակարգ (իրականում՝ անտիհամակարգ) դարձան.
Մի կողմից «ավազակապետություն», մյուս կողմից՝ «հանցագործ ու դավաճան»: Ուրեմն այսպես՝ եթե «ավազակապետություն» և «հանցագործ ու դավաճան», ապա էլ ի՞նչ քաղաքականություն (ժամանակակից ընկալումներով՝ բնականաբար, թե չէ՝ հակառակորդին ուտելն ի վերջո նույնպես կարող է ռելևանտ քաղաքականություն համարվել՝ ժամանակային որոշակի պարադիգմայում իհարկե: Հետո վերն ասել ենք չէ արդեն՝ կատարվող, այսինքն, ՀԻՄԱ) ի՞նչ ընտրություն, ի՞նչ սահմանադրականություն:
Սահմանադրականությունը՝ երբ կա իշխանության ժառանգորդություն. ոչ այն իմաստով իհարկե, երբ իշխանությունը փոխանցվում է «ժառանգորդին», այլ այն, երբ յուրաքանչյուր հաջորդ իշխանություն նախորդի արածն ընդունում է որպես ՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ստեղծված իրողություն ու դրան գնահատական տալիս իրավաքաղաքական համակարգի շրջանակներում: Նույնը՝ կարդալ հակառակ ուղղությամբ, երբ նախորդն է պոտենցիալ հաջորդին վերաբերում որպես պոտենցիալ ժառանգորդի, ու նաև՝ գնահատականներ տալիս իրավաքաղաքական դաշտի շրջանակներում:
Ահա՛ սա է, ու այս վիճակը շարունակվում էր մինչև վերջին 5-6 ամիսը: Չէ, մինչ այդ էլ երկու կողմից էլ ինչ-ինչ ազդանշաններ եղել են, բայց որպես կանոն առանց արձագանքի: Չգիտեմ, կողմերը կա՛մ համարել են, որ առայժմ «իրավիճակը փոփոխություններ չի պահանջում», կա՛մ՝ այդ փոփոխությունները, որ «խորացնում են հեռանկարների ու տեսակետների բազմազանությունը, ստեղծում անհամար շատ նոր հնարավորություններ» ռիսկային են: Իսկ կարող են արդյո՞ք բազմազանությունն ու նոր հնարավորությունների առատությունը ռիսկային լինել: Պետության ու հանրության համար՝ իհարկե ո՛չ, իսկ կոնկրետ մարդկանց ու խմբերի շահերի տեսանկյունից՝ իհարկե այո՛: Ասածը: Տեսե՛ք, ի՞նչ է կատարվում: Ստեղծվել են թելադրվող՝ բացի մեկից (թելադրվողից) որևէ այլ մեկնաբանության չենթարկվող նշանների միաչափ տարածքներ: Հայաստանի ու նաև բազմաթիվ այլ երկրների փորձը ցույց է տալիս, որ նման անտիհամակարգեր բավականաչափ ռեսուրս ունեն ինքնապահպանվելու և վերարտադրվելու համար: Ու ստացվում է այնպես, որ նշաններ թելադրողը սեփական համակարգերում բացարձակ իշխանություն է ապահովում իր համար՝ դրանից բխող հետևանքների ու արդյունքների հետքով: Ու արդեն բախտդ ոնց կբերի՝ եթե իշխանությունում ես, ապա հետևանքներն ու արդյունքներըն ավելի շատ են, եթե ընդդիմությունում ես՝ մի քիչ ավելի սակավ, բայց այնուամենայնիվ կա:
Սրա հակառակը՝ երբ համակարգերը բացվում են, թելադրվող նշանները վերանում են, մարդիկ հայտնվում են նշանների՝ անընդհատ փոխվող համակարգում, ու պետք է նաև ամեն անգամ ընտրություն անել: Ասել է թե՝ կոլեկտիվիստական, թելադրվող վարքային ձևերից անցնում ենք անհատականացածի: Կյանքը բարդանում է, իհարկե՝ համ թելադրելու սովոր խմբերի համար (հայտնվում են մրցակցային համակարգում ու սեփական դիրքն ապահովելու համար ստիպված են լինելու անընդհատ նոր ֆորմաներ արտադրել), հա՛մ թելադրանքով ապրողների, բայց այստեղ է որ պետք է հիշենք՝ «անսահման նոր հնարավորություններ»…
Ինչևիցե, վերն ասել եմ՝ «…մինչև վերջին 5-6 ամիսը…»: Շարունակելով այս միտքը՝ հիմա իրենց որպես «դեմոկրատ» (իսկ վերջին մի քանի տարվա հռետորաբանությամբ՝ «բացարձակ չարի» դեմ պայքարողներ, ասել է թե՝ «լույսի իշխանության» գաղափարի կրողներ) նույնացնողների ու նաև «քաղաքացիականության ապոլոգետների» (ձևակերպումն իմը չի ինչպես հասկացաք՝ կան շատ մարդիկ որ այդպես են նույնանում) շատ վիրավորական մի բան եմ ասելու՝ համակարգը արդիականացնելու, մոնոլոգային մշակույթը դիալոգայինով փոխարինելու առաջին (և հետո էլի մի քանի) լուրջ քայլն, այնուամենայնիվ, նախագահ Սերժ Սարգսյանն է արել՝ խոսքը վերաբերում է դեկտեմբերի հայտնի ելույթին և ապա՝ մարտ-ապրիլ ամիսների ընթացքում այդ ելույթի դրույթների ծավալմանը: Ինչու՞ եմ այսպես մտածում. դեկտեմբերին Հայաստանի քաղաքական պրակտիկաներում առաջին անգամ հենց նախագահի կողմից հրապարակ բերվեցին արդիականացման հիմնական հասկացությունները, այդ թվում նաև՝ ներքաղաքական ինստիտուցիաներին վերաբերող: Կրկնում եմ՝ քաղաքական պրակտիկաներում, ասել է թե՝ որպես կատարվող իրադարձություն, ՀԻՄԱ: Դե, իսկ մարտի-ապրիլի ելույթների մասին շատ է խոսվել: Ես ասեմ հիմնականը. միմյանցից տարբերվողների գոյության իրավունքի ճանաչում, քաղաքականությունում արխայիկ ֆորմաներից (բռնությունը որպես հիմնական գործիք, հիերարխիկ համակարգեր, իշխանությունը որպես հիմնական արժեք) հրաժարում, քաղաքական լեզվի ու քաղաքական գործիքավորմանը անցնելու պատրաստակամություն (ընդդիմությունը ազատ է «միավորներ շահել» ցանկացած եղանակով, իսկ արբիտրաժը ընտրության ինստիտուտն է):
Կրկին վիրավորական մի բան եմ ասելու, բայց ընդդիմության արձագանքն, այնուամենայնիվ, ուշացավ: Չնայած, կարող եմ համարել նաև, որ փետրվարի անցուդարձն ավելի շուտ շեղում էր, քան օրինաչափություն: Դե, մարդիկ ոգևորված էին արաբական «հեղափոխություններով» ու մտածում էին մի հնար գտնել Հայաստանում էլ նման մի բան անելու համար: Միայն «մի հնար գտնելու» տեսանկյունից է երևի թե հնարավոր դարձել՝ «15 պահանջների» անհեթեթ ու անիմաստ փաստաթուղթը (օրինակ, մեր երիտասարդների հետ այն քննարկել ենք որպես սինկրետիզմի դասական արտահայտություն, ու նաև՝ որպես քվազիքաղաքական լեզու), թոշակ բաժանող այն կազմակերպության պաշտպանությունը (կոռուպցիոն մի հսկա բուրգի հիմքերից մեկն էր սա), փողոցում առևտրի արգելման որոշման դեմ հայտարարությունները և այլ: Ինչևիցե, արդեն մարտի կեսերց ավելի ռելևանտ արձագանքներ եղան, բայց պետք է նկատեմ՝ գործնականում միայն ՀԱԿ լիդեր Լևոն Տեր-Պետրրոսյանի կողմից (միջին օղակին և ընդդիմադիր նոմենկլատուրային կամ դեռ չեն բացատրել, կամ էլ ավելի երկար ժամանակ է պետք բացատրածը յուրացնելու համար): Այսպես, հայտարարվեց, որ «երկխոսության դուռը կիսաբաց է», հետո էլ մի քանի անգամ արտաբերվեց «Նախագահ» բառը՝ կապված Սերժ Սարգսյանին դիմելու հետ: Ասել է թե՝ ուրիշի ճանաչում, կարծես թե, կա:
Սա այսպես է, բայց խնդիր, այնուամենայնիվ, տեսնում եմ. հիշում եք չէ՝ «դիալոգային փոխհարաբերություններ հնարավոր են միայն տարբերվող սուբյեկտների ավարտուն ասելիքների միջև», ասել է թե՝ պետք են քաղաքական նոր լեզու և նոր տեքստ: Որքան էլ իմ ընկեր Արա Նեդոլյանը պնդի, որ ընդդիմությունը քաղաքականության լեզու և տեքստ է ստեղծում, իրականում հենց այստեղ է որ ընդդիմությունը խնդիրներ ունի (շատերն են սա ասում, բայց Արա Նեդոլյանի մոտ ամենահաջողն է ստացվում): Խնդիրներ ունի, որովհետև իրերն ու երևույթները (նոր) ըստ էության չեն անվանվում (իրենց անուններով), այլ ընդամնեը մեկնաբանվում են՝ այն էլ՝ հիմնականում հին լեզվի շրջանակներում:
Ուրեմն տեսե՛ք, ի՞նչ է կատարվում. դիալոգային իրադարձությունը դա «հենց լինի, այդ դեպքում՝ անկասկած» չէ, այն հիմա կատարվող է և իրականում ԿԱՏԱՐՎՈՒՄ է: Երբ ասում ես՝ «այ հենց կազատեն, կնստենք սեղանի շուրջ ու կպայմանավորվենք… իշխանության հանձնման պրոցեդուրային հարցերի շուրջ», դա ոչ մի կապ չունի դիալոգայի հարաբերությունների հետ, դա ընդամենը բռնության և ուժային ճնշման լեզուն նոր համակարգ տեղափոխելու ու սինկրետիկ իրավիճակ ստեղծելու միտում է ենթադրում: Եթե ասում ես՝ «շարունակելու ենք ճնշել, եթե… տարբերակները շատ են…, սա նույնխես կապ չունի դիալոգային հարաբերությունների հետ, և կրկին նորը հին լեզվով մեկնաբանելու փորձ է ընդամենը:
Մի միտք պետք է որ շատ հստակ ձևակերպվի, որովհետև դրա հետ կապված ցանկացած խորամանկություն կամ թերասացություն կազմալուծող է առաջին հերթին ընդդիմության համար: Արխայիկ, թելադրվող նշաններով միաչափ տարածքում հիմնական գործիքը բռնությունն է. ընդդիմության պարագայում դա փողոցն է՝ որպես մահակ (իշխանության պարագայում՝ պետական ինստիտուտների միջոցով ուժային ճնշումը): Դիալոգային հարաբերությունները (կոնկրետ այս դեպքում արխայիզմից քաղաքական նոր լեզվի անցումը) ենթադրում են առաջին հերթին բռնությունից հրաժարում, այն անհամատեղելի է քաղաքականության հետ: Ընդդիմության պարագայում դա առաջին հերթին փողոցի տրանսֆորմացիան է, ինչը կարծես թե չի ձևակերպվում ընդդիմության կողմից, ինչը շատ լուրջ խնդիրներ է ստեղծում ընդդիմության համար, և շատ մոտ հեռանկարում: Ամեն դեպքում իշխանությունն ըստ սահմանման ավելի կազմակերպված է ու ավելի մեծ ռեսուրսներ ունի, համապատասխանաբար նաև՝ մանևրի դաշտ՝ շարունակելով մնալ ռելևանտության սահմաններում: Իսկ ընդդիմության ռեսուրսն այս անցումում միայն ռելևանտ տեքստն է: Չկա տեքստ, ուրեմն չկան դիալոգային հարաբերություններ ու հետևաբար նաև՝ քաղաքականություն: Իսկ փաստորեն՝ առայժմ այն չկա, ու ընդդիմությունը հետ է մնում իրադարձություններից, հիմայից:
Կրկին վերադառնում ենք Մ. Բախտինին. «դիալոգայի հարաբերությունները չեն կարող ռեդուկցվել ո՛չ տրամաբանական և ո՛չ էլ կառուցվածքային-սինտաքսիկ հարաբերությունների…»: Փաստորեն, եթե ռելևանտ ձևակերպումներ չես տալիս ու նման գործելակերպ որդեգրում ես քիչ թե շատ երկար մի ժամանակահատվածի համար, ուրեմն դուրս ես մնում դիալոգային փոխհարաբերություններից, ասել է թե՝ քաղաքականության լեզվի շրջանակներից, հետևաբար նաև՝ քաղաքականությունից:
Բացի այդ, այսօր մենք փաստորեն մի փուլում ենք, երբ առավել ակնառու է դիալոգային փոխհարաբերությունների կառուցվածքային-սինտաքսիկ բաղադրիչը՝ իմաստային ու տրամաբանական (դիալեկտիկ) բաղադրիչներն ավելի քողարկված են դեռ (փոխադարձ պատասխանատվություն, քաղաքական հանգուցային հարցերի շուրջ կոնսենսուսներ և այլն): Փաստորեն ընկալելի և տեսանելի ֆորմա դեռ չկա էլ որպես այդպիսին, ու առավել մեծ խնդիր է, որ եղածն էլ փաստորեն դեռ չի անվանվում: Փոխարենը ասում են՝ հեղափոխություն ենք անում: Մարդի՛կ, հեղափոխությունը (տվյալ դեպքում՝ նեղ ընկալումով) առաջին հերթին խաղի կանոնների փոփոխությունն է՝ այն արդեն գնում է կամ ավելի շուտ՝ կարող է ընթացքի մեջ լինել: Ուրեմն, եթե եղածը չեք անվանում կամ ինչ-ինչ դժվարություններ ունեք, այդ դեպքում ի՞նչ հասկանանք ձեր ասած «հեղափոխություն» բառի տակ՝ երբ «վատ տղերքը հեռանում են ու նրանց փոխարեն լավ տղերքն են գալիս», հա՞:
Մեկնաբանությունը` վերլուծաբան, «
Prm.am» կայքի գլխավոր խմբագիր Հրաչ Գալստյանի
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա