«Մարտյան դեպքերի բացահայտման հարցում Հայաստանի իշխանությունները պետք է վճռական քայլերի դիմեն». Համմարբերգի զեկույցը
«Հայաստանում 2008 թվականի մարտյան դեպքերի հետևանքների վերացման ուղղությամբ որոշ նշանակալից քայլեր կատարվել են, բայց ավելին պետք է արվի իշխանությունների կողմից հասարակության մեջ երկխոսության ամրապնդման և վստահության վերականգնման ուղղությամբ»,- հայտարարել է Եվրոպայի Խորհրդի Մարդու իրավունքների հանձնակատար Թոմաս Համմարբերգը (Thomas Hammarberg) իր հրապարակած զեկույցում, տեղեկանում ենք Եվրոպայի խորհրդի պաշտոնական կայքէջից:
Հիշեցնենք, որ դեռ հունվարին, երբ Հանձակատարն այցելել էր Հայաստան, հայտարարել էր, որ այցի արդյունքում հանդես է գալու զեկույցով:
Զեկույցում անդրադարձ է կատարվում 2008-ի մարտյան դեպքերին, խոսքի ու հավաքների ազատությանը, ինչպես նաև բանակում մարդու իրավունքների խնդրին:
Հանձնակատարը կարծում է, որ Մարտի 1-ին զենքի կիրառումը անթույլատրելի էր, և 10 զոհերի սպանությունների բացահայտման գործընթացը արդյունավետ չի եղել:
«Դեռևս հայտնի չէ, թե ովքեր են հանցագործները: Հայաստանի իշխանությունները պետք է վճռական քայլերի դիմեն, հետաքննություն իրականացնեն ու պատժեն մեղավորներին: Տասը զոհերի ընտանիքները իրենց հարազատների կորստի դիմաց պետք է ադեկվատ փոխհատուցում ստանան և խորապես տեղեկացված լինեն հետաքննության ընթացքին», -նշել է Համմարբերգը` ողջունելով նախագահ Սերժ Սարգսյանի վերջին հանձնարարականը մարտյան իրադարձությունների նոր քննություն սկսելու մասին: ԵԽ Մարդու իրավունքների հանձնակատարը հույս հայտնել, որ նախագահի հանձնարականը կվերածվի կոնկրետ գործընթացի` մեղավորներին հայտնաբերելու և պատժելու առումով:
Նա նկատել է, որ թեպետ մարտյան իրադարձություններից հետո ձերբակալվածներից շատերն ազատ են արձակվել, սակայն մտահոգություն է հայտնել, որ կան մի քանիսը, որոնք շարունակում են մնալ բանտերում և կոչ է արել իշխանություններին, որ նրանց ևս ազատ արձակեն:
Ողջունելով վիրավորանքի և զրպարտության մասին դրույթների ապաքրեականացումը` Թոմաս Համմարբերգը միաժամանակ իր անհանգստությունն է հայտնել և հայտարարել, որ լրատվամիջոցներից պահանջվող փոխհատուցման չափը անհիմն բարձր է ու չպետք է այդքան մեծ լինի: Միևնույն ժամանակ, նա նշել է, որ լրագրողական էթիկան և ինքնակարգավորումը պետք է խրախուսվեն:
«Հավաքների ազատության իրավունքի կիրառումը Հայաստանում դեռևս մնում է մտահոգության թեմա»,- ասված է հաղորդագրության մեջ:
«Պետք է անմիջապես դադարեցվեն խաղաղ հավաքների նկատմամբ անօրինական ոտնձգությունները: Առանցքային է, որ հավաքների ժամանակ ոստիկանական ուժերի վարքը և գործողությունները լինեն Մարդու իրավունքների չափանիշներին համապատասխան», -նշել է նա` Հայաստանի իշխանություններին հորդորելով վերանայել խոսքի ազատությանը վերաբերող օրենսդրությունն ու դրա կիրառությունը:
Նա նաև անդրադարձել է խաղաղ պայմաններում բանակում տարբեր պատճառներով գրանցված մահերին:
«Հայաստանի իշխանությունները պետք է կրկնապատկեն իրենց ջանքերը և բացառեն ստորացման վատագույն դեպքերը բանակում և վերջ տան սադրողների և պատասխանատու հրամանատարների անպատժելիությանը»,- հայտարարել է Թոմաս Համմարբերգը` ընդգծելով, որ Այլընտրանքային ծառայության մասին օրենքը վերանայելը հրամայական է դարձել:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան