«Ադրբեջանը` քաղաքակրթության թշնամի». Լուռ վկայություններ մշակութային ցեղասպանության մասին
84-ամյա տիկին Զաբելան Հ. Թումանյանի տուն-թանգարանում կազմակերպված «Ադրբեջանը` քաղաքակրթության թշնամի» ցուցահանդեսում լուռ արտասվում էր. նա իր հետ բերել էր նախնիների տան լուսանկարը , համեմատում էր ցուցադրվածի հետ ու թաշկինակով սրբում աչքերը. տիկին Զաբելայի նախնիների տունը, որը պատկանել է Մեսրոպ քահանա Տեր-Գրիգորյանցի ընտանիքին և գտնվել է Գետաշեն գյուղում, ավերվել է ղարաբաղյան ազատամարտի տարիներին ադրբեջանական հրոսակների կողմից: 1889-ին կառուցված քառահարկ և գյուղի առավել աչքի ընկնող բնակելի տնից ավերակները ներկայացնող լուսանկարներն էին ցուցադրվում, ինչն էլ հուզել էր տանտիրոջը:
«Տեր Մեսրոպ քահանան իմ պապն է եղել, մանկությունս անցել է այս տանը, երկրորդ հարկում դպրոց ենք ունեցել, հաճախել եմ այդ դպրոցը, իսկ մեր տան կողքին էլ գյուղի միակ եկեղեցին էր»,- մատով ցույց տալով լուսանկարում քարե քանդված շինությունը Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց տիկին Զաբելան:
Նրա նախնիների տունը միակը չէ, որ արցախյան ազատամարտի տարիներին ու դրանից հետո ոչնչացվել է ադրբեջանական հրոսակների կողմից: Հուշարձանագետ Սամվել Կարապետյանի նախաձեռնությամբ, այսօրվանից մինչև մայիսի 20-ը Հ. Թումանյանի տուն-թանգարանում կկայանա «Ադրբեջանը` քաղաքակրթության թշնամի» ցուցահանդեսը, որտեղ 17 պաստառների վրա ներկայացված են նախկինում գոյություն ունեցած ու այժմ գրեթե բնաջնջված հայկական կոթողները:
Հստակ վիճակագրություն չկա, թե ադրբեջանական ելուզակների կողմից որքան հայկական հուշարձաններ են ոչնչացվել: Իսկ ավերված կոթողի մասին լուսանկարներն էլ հուշարձանագետը հավաքել է տարբեր ճանապարհներով: Օրինակ, լուսանկարների մեծ մասը տրամադրել է բելգիացի լուսանկարիչ Ֆրեդերիկ Դերլեմոնը, որը 2007-ին այցելել է Գանձակի շրջանի բազմաթիվ գյուղեր` Ոսկանապատ, Ազատ, Կամո, Գետաշեն և հենց Գանձակ քաղաք ու լուսանկարել տեղի հայկական հուշարձանները` եկեղեցիներ ու գերեզմանոցներ:
Իսկ ահա Բաքվի ավերված գերեզմանոց լուսանկարները նրանք հայտնաբերել են համացանցից: «Ապուշ են (նկատի ունի ադրբեջանցիներին-թղթ.) այն աստիճանի, որ իրենց հանցագործությունը ցուցադրել են ինտերնետում: Ապուշությունից մեծ ապուշություն է, իրենց ապուշությունից չօգտվելը», -նկատեց հուշարձանագետը:
Տիկին Զաբելան Հայաստանում է արդեն 20 տարի: Նրա մայրը մահանալուց առաջ խնդրել է իրեն տանել հարազատ գյուղ` Գետաշեն, հարազատ տուն:
«Ասում էր, մեր տուն եմ ուզում, մեր աստիճանների վրա նստել եմ ուզում: Մենք էլ իրեն ասում էինք, որ հիմա թուրքերն են մեր գյուղում, ո՞նց տանենք», -պատմում էր 84-ամյա կինը: Նա իր պահպանած լուսանկարը հանձնեց ցուցահանդեսի կազմակերպիչներին` այն արխիվացնելու համար:
Ցուցահանդես էին այցելել Հայաստանում գործող միջազգային կազմակերպությունների ու դեսպանատների ներկայացուցիչները: «Ցուցահանդեսն իրազեկելու, խնդիրները վեր հանելու քայլերից մեկն է: Առհասարակ, մի օր գուցե հասնենք նրան, որ հանցագործությունները պատժվեն, չէ՞ որ այս ամենը հանցագործություն է: Այսինքն` ես ուզում եմ, որ գոնե մի քիչ հասկանանք ու սրտներիս մոտ ընդունենք կատարվածը և դրանից ելնելով գուցե քայլեր ձեռնարկվեն», -panorama.am-ի հետ զրույցում ասաց Կարապետյանը:
Նա նաև ասաց, որ հնարավոր է` ապագայում այս փաստերը հավաքվեն ու ներկայացվեն Եվրոպական դատարան:
Հարակից հրապարակում. Ադրբեջանը պատուհաս է քաղաքակրթության համար. Հուշարձանագետի տխուր եզրահանգումը