4-ամյա Նարեկի փոխարեն բժիշկները փորձել են վիրահատել 7-ամյա Գևորգին. Բժիշկներն աշխատանքից հեռացվել են, տնօրենի ճակատագիրն օդում է
Երևանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի վիրաբուժական և վիրահատական բաժանմունքներում աշխատակիցների կատարված բացթողումների ու սխալների հետևանքով անհիմն վիրահատական միջամտություն կատարելու համար աշխատանքից ազատվել են մանկական վիրաբուժական բաժանմունքի վիրաբույժ Ռ. Անտոնյանը, վիրահատարանի բաժանմունքի վարիչ անեսթեզիոլոգ Մ. Դալլաքյանը, վիրաբուժական բաժանմունքի բուժքույր Ե. Մաթևոսյանը և վիրահատարանի բուժքույր անեսթեզիստ Վ. Հայրապետյանը: Նրանք աշխատանքից ազատվել են դեռ մայիսի 3-ին` քաղաքապետ Կարեն Կարապետյանի կարգադրությամբ, տեղեկացնում են քաղաքապետարանի լրատվական ծառայությունից:
Քաղաքապետի հանձնարարությամբ, բժշկական կենտրոնում կատարված ստուգման արդյունքում պարզվել է, որ Ախուրյանի բնակիչ 2006թ. ծնված Նարեկ Դանիելյանը 2008թ.-ին «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնում թոքի վիրահատության է ենթարկվել, որին ծնողները իրենց նախաձեռնությամբ բերել են բժշկական կենտրոն` ներկա առողջական վիճակը գնահատելու:
Միևնույն ժամանակ, վիրահատության է նախապատրաստվել 2004թ. ծնված Էջմիածնի բնակիչ Գևորգ Մովսիսյանը:
Բուժանձնակազմի անփութության հետևանքով վիրահատարան է տեղափոխվել ոչ թե Գևորգ Մովսիսյանը, այլ Նարեկ Դանիելյանը, ում և նախապատրաստել են վիրահատության և շատ արագ կասեցրել:
Բժշկական կենտրոնի տնօրեն Նիկոլայ Դալլաքյանին հայտարարվել է խիստ նկատողություն և առաջարկվել է քննարկել հետագա պաշտոնավարման նպատակահարմարությունը:
Խիստ նկատողություն է հայտարարվել բուժգծով փոխտնօրեն Լ. Գրիգորյանին, մանկության գծով օգնական Ա. Հարությունյանին և մանկական վիրաբուժական բաժանմունքի վիրաբույժ Ա. Գևորգյանին:
Մանկական վիրաբուժական բաժանմունքի վարիչ Ա. Կարապետյանը և մանկական վիրաբուժական բաժանմունքի ավագ բուժքույր Ա. Հարությունյանը ազատվել են զբաղեցրած պաշտոնից` թողնելով աշխատելու Ա. Կարապետյանին որպես վիրաբույժ և Ա. Հարությունյանին որպես բուժքույր:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան