Երևանում բացվեց Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնը
Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի 10-րդ մասնաշենքում այսօր տեղի ունեցավ Հայաստանում Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնի (ՄԻԿ) բացումը:
Բացման պաշտոնական արարողությանը մասնակցում էին ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը, Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը, Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Մարի Յովանովիչը, «Մայքրոսոֆթ» ընկերության հայաստանյան գրասենյակի ղեկավար Գրիգոր Բարսեղյանը և այլ կազմակերպությունների ներկայացուցիչներ:
Միջոցառման ընթացքում ներկայացվեց կենտրոնի գործունեությունն ու հետագա ծրագրերը:
Նորագույն տեխնոլոգիաներով համալրված կենտրոնի հիմնական նպատակը Հայաստանում նորարարության խթանումն է, նոր գաղափարների բացահայտումը և ՏՏ լուծումների ստեղծումն ու ներդրումը տնտեսության տարբեր ոլորտներում:
Ինչպես նշեց Տիգրան Դավթյանը, ՏՏ ոլորտը Հայաստանի տնտեսության առավել արագ, դինամիկ զարգացող ոլորտներից է: Ըստ նրա, կառավարությունը հատուկ ուշադրություն է դարձնում տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի զարգացմանը, քանի որ այն անմիջական ազդեցություն ունի ամբողջ տնտեսության վրա:
ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի խոսքերով, «Մայքրոսոֆթի» ծրագրերն ու արտադրանքը լիցենզավորված է և Հայաստանի կրթական ոլորտը օգտվում է այս ընկերության արտոնագրված արտադրանքից: «Կրթությունն այն տեղն է, որտեղ արժե ներդրումներ անել»,- նշեց նախարարը՝ հավելելով, որ այս կենտրոնի բացման արդյունավետությունը զգալի կլինի հինգ տարի հետո:
Հայաստանում ԱՄՆ դեսպան Մարի Յովանովիչը նշեց, որ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը ամենահաջող և արագ զարգացող ոլորտներից է Հայաստանում՝ հաշվի առնելով Հայաստանի որակյալ մասնագետների և մարդկային մեծ կապիտալի ներուժը: «Հայաստանի և ԱՄՆ-ի կառավարությունների միացյալ ջանքերի շնորհիվ Հայաստանի ՏՏ ոլորտում բարձր զբաղվածության աճ է ապահովվել և այն կշարունակվի, քանի որ Հայաստանն առաջարկելու շատ բան ունի ոչ միայն այստեղ, այլև ամբողջ աշխարհում»,- ասաց դեսպանը:
«Այսօր մեզ համար բավականին ուրախ օր է, և այս օրվա համար մենք բավականին երկար ճանապարհ ենք անցել. 4 տարուց ավելի սպասել ենք այս օրվան»,- հայտարարեց «Մայքրոսոֆթի» հայաստանյան գրասենյակի ղեկավար Գրիգոր Բարսեղյանը: Ըստ նրա, իրենք այս նոր կենտրոնով կաջակցեն տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորոտում փոփոխություններին և նորություններին: «Մայքրոսոֆթը կաջակցի բոլոր նորություններին, այստեղ հնարավոր կլինի համագործակցել պետական, մասնավոր, հանրային և միջազգային հատվածի միջև»,- ընդգծեց Գ. Բարսեղյանը:
Կենտրոնի ստեղծմանն աջակցել են ՀՀ կառավարությունը, «Մայքրոսֆթ ԱրԷյ» ընկերությունը, ԱՄՆ միջազգային զարգացման գործակալությունը, Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամն ու Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանը:
Միջոցառման ավարտին «Մայքրոսֆթ ԱրԷյ» ընկերության, ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության, «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի և Հայաստանի ճարտարագիտական համալսարանի միջև ստորագրվեց փոխըմբռնման հուշագիր:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան