ԼՂՀ ԱԺ. Հաշվետու տարում ԼՂՀ տնտեսական աճը կազմել է 5.5 տոկոս
Մայիսի 11-ին ԼՂՀ Ազգային ժողովում պաշտոնապես ներկայացվել է ԼՂՀ 2010թ. պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը, որով և մեկնարկել են փաստաթղթի նախնական քննարկումները։
Միջոցառումը վարել է տվյալ փաստաթղթի գծով գլխադասային՝ ԱԺ ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արպատ Ավանեսյանը։
Ներկա են եղել ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը և փոխնախագահ Արթուր Թովմասյանը, մշտական հանձնաժողովների և խումբ-խմբակցությունների անդամներ, նախարարներ, գերատեսչությունների ղեկավարներ։
Կառավարության լիազորմամբ հանդես գալով բյուջեի կատարողականի վերաբերյալ հաղորդմամբ՝ փոխվարչապետ, ֆինանսների նախարար Սպարտակ Թևոսյանը ներկայացրել է հաշվետու տարում հանրապետության կենսագործունեության տարբեր բնագավառներում ու ոլորտներում արձանագրված ցուցանիշները, նշել զարգացման միտումները։
Մասնավորապես, նա նշել է, որ հաշվետու տարում տնտեսական աճը կազմել է 5.5 տոկոս, անվանական արտահայտութամբ համախառն ներքին արդյունքը (ՀՆԱ)՝ 118.2 մլրդ դրամ՝ նախորդ տարվա 102.3 մլրդ դրամի դիմաց, ծախսերի և դեֆիցիտի ծրագրավորված ցուցանիշները, ավելանալով 4590000.0 հազար դրամով, կազմել են համապատասխանաբար 64469737.0 հազար դրամ և 8263895.0 հազար դրամ, պետբյուջեի սեփական եկամուտները՝ 23807500.9 հազար դրամ։
Փոխվարչապետը հանդես է եկել նաև լրացուցիչ պարզաբանումներով՝ պատասխանելով պատգամավորների հարցերին, որոնք վերաբերում էին նախորդ տարվա կատարողականի առանձին դրույթներին և տրամաբանությանը։
Նիստի ավարտին հայտարարվել է, որ 2010թ. պետական բյուջեի կատարողականի խորհրդարանական քննարկումները կշարունակվեն ԱԺ մշտական հանձնաժողովներում և պատգամավորական խումբ-խմբակցություններում` համաձայն հաստատված ժամանակացույցի։
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան