Թունիսում ձերբակալվել է անկարգությունների 600 մասնակից
Թունիսի ոստիկանությունը ձերբակալել է 600 մարդու, ովքեր մասնակցել են մայիսի 5-ից այդ երկրում սկսված անկարգություններին: Այս մասին հաղորդում է «Ֆրանս Պրես» գործակալությունը, հղում անելով երկրի ՆԳ նախարարության տվյալներին:
Թունիսում նոր հակակառավարական ելույթները, որոնք վերածվեցին զանգվածային անկարգությունների, հետևել են մարդու իրավունքների հարցերով հանձնաժողովի նախագահ Ֆահրադ Ռաիհի հայտարարությանն այն մասին, թե եթե հունիսի 24-ին նախանշված ընտրություններում հաղթանակ տանեն իսլամիստները, երկրում ռազմական հեղաշրջում կիրականցվի:
Սույն մեկնաբանություններից հետո Ռաիհին հեռացվեց պաշտոնից: Հայտարարությունից զայրացած հասարակության` հիմնականում իսլամիստ ակտիվիստները, բողոքի ցույցեր սկսեցին պահանջելով ժամանակավոր կառավարության հրաժարականը:
Մայիսի 9-ին երկրի վարչապետ Բեջի Էսեբին հայտարարել էր, թե եթե իրավիճակը երկրում չկայունանա, ապա ընտրությունները կարող են հետաձգվել:
Նշենք, Թունիսում համազգային ընտրությունները նախանշված են սույն թվականի հունիսի 24-ին: Սպասվում է, որ երկրի Սահմանադրական խորհուրդը, որը հունվարյան հեղափոխությունից հետո ստանձնել է պետության ղեկը, կնշանակի նոր կառավարություն, կամ կառաջարկի ներկայիս ժամանակավոր կառավարությանը կատարել պարտականությունները մինչ նախագահական ու խորհրդարանական ընտրությունները: