4-րդ ամենամյա DigiTec Business ֆորումը կանցկացվի հունիսի 24-25-ը
4-րդ ամենամյա DigiTec Business ֆորումը, որի նպատակն է աջակցել տեղեկատվական և հեռահաղորդակցական տեխնոլոգիաների (ՏՀՏ) ներդրմանը տնտեսության այլ ոլորտներում, մեկ հովանու ներքո ներկայացնել տնտեսության արդիականացման համար նախատեսված ՏՀՏ բոլոր ապրանքներն ու ծառայությունները, այս տարի տեղի կունենա հունիսի 24-25-ը «Արմենիա Մարիոթ» հյուրանոցային համալիրում:
Ֆորումի կազմակերպիչն է Ինֆորմացիոն տեխնոլոգիաների Ձեռնարկությունների Միությունը (ԻՏՁՄ), իսկ գլխավոր գործընկերն է «ԱրմենՏել» ընկերությունը (ապրանքանիշը Beeline): Միջոցառմանն իրենց մասնակցության մասին արդեն իսկ հայտնել են Շիրակ Տեխնոլոգիաներ, Շահումյան Մեդիա, Ֆլեքսիբլ Ափլիքեյշնս, Յունիքոմփ ընկերությունները, Նորք տեղեկատվավերլուծական կենտրոնը և այլ կազմակերպություններ:
«Աշխարհի տարբեր երկրներում արդեն իսկ բարձր են գնահատվում հայկական ընկերությունների և մասնագետների կողմից մշակված արտադրանքը և տրամադրվող ծառայությունները: Ժամանակն է, որ այդ ներուժն օգտագործվի նաև տեղական շուկայում և ծառայի ներքին խնդիրների լուծմանը: DigiTec Business ֆորումը հենց այն տեղն է, որտեղ մեր տեղական ՏՀՏ ոլորտի ընկերությունները հնարավորություն ունեն ներկայացնելու իրենց նոր արտադրանքը, մշակումները, ծրագրային փաթեթները, ծառայությունները, իսկ պոտենցիալ օգտագործողները գնահատեն` որքանով այդ առաջարկները կօգնեն բարելավել իրենց աշխատանքային գործընթացները, բարձրացնել տրամադրվող ծառայությունների որակը, նվազեցնել արտադրական ծախսերը և այլն»,- նշում է «ԱրմենՏել» ընկերության գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն:
«Օրեցօր աճում է գործարարների հետաքրքրությունը բիզնեսի կառավարման համակարգերի նկատմամբ, որոնք այսօրվա մրցակցային պայմաններում կրիտիկական դեր են խաղում արդի բիզնեսի զարգացման համար: Հաշվի առնելով այս ամենը` Միությունն իր կողմից առաջնային նպատակ է հայտարարել տեղեկատվական և հեռահաղորդակցական տեխնոլոգիաների ներդրումը տնտեսության այլ ոլորտներում, և շատ ողջունելի է «ԱրմենՏել» ընկերության` որպես գլխավոր գործընկերոջ աջակցությունը բիզնես ֆորումին, ինչը կարծում ենք` նոր զարկ կհաղորդի միջոցառմանը»,- նշում է ԻՏՁՄ գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը:
«Բիզնեսի և տեխնոլոգիաների երկխոսություն» խորագիրը կրող ֆորումի շրջանակներում կիրականացվեն DigiTec Business ցուցահանդես, Տեխնոլոգիական սեմինարներ և թեմատիկ կլոր սեղաններ:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան