Ինտելեկտուալ փառատոնի եզրափակիչ փուլն այսօր. Հաղթողը Աջափնյակի թիվ 118 ավագ դպրոցն է
Այսօր տեղի է ունեցել ՀՀԿ երիտասարդական կազմակերպության կողմից կազմակերպված համադպրոցական ինտելեկտուալ փառատոնի եզրափակիչ փուլը, որին մասնակցել են Երևան քաղաքի վարչական շրջանների ավագ դպրոցները` իրենց կողմից ընտրված համապատասխան թիմերով:
Կուսակցության մամուլի ծառայության տեղեկացմամբ, միջոցառումը կազմակերպվում է արդեն 6 անգամ և կրում է շարունակական բնույթ: Այս անգամ միջոցառմանը ներկա են եղել և պարգևներ եմ հանձնել ՀՀ Կրթության և գիտության նախարար Ա.Աշոտյանը, Երևանի փոխքաղաքապետ Տ.Մարգարյանը և ՀՀ ԱԺ պատգամավոր, ՀՀԿ երիտասարդական կազմակերպության ղեկավար Կ.Ավագյանը:
ՀՀ ԿԳ նախարարը, ողջունելով ինտելեկտուալ փառատոնի նախաձեռնությունը, նշել է, որ ավագ դպրոցի մասնագիտական կրթությունն է ապահովում անհրաժեշտ ինտելեկտուալ բազան. ասվածի վկայությունը հենց այսօրվա փառատոնային ակտիվությունն է: Նախարարը նշել է, որ միջոցառումը լավ հնարավորություն հանդիսացավ աշակերտների հետ հանդիպման և շփման համար:
Ինտելեկտուալ փառատոնն անցկացվում էր մայիսի 11-ից 3 փուլով: Առաջին և երկրորդ փուլերին մասնակցած վարչական շրջանների ավագ դպրոցների թիմերից կիսաեզրափակիչ փուլ դուրս եկան 2 օրերի ընթացքում հաղթող ճանաչված ավագ դպրոցների 6-ական թիմերը:
Վերջին եզրափակիչ փուլում միմյանց հետ մրցել են եզրափակիչ փուլ դուրս եկած 14 ավագ դպրոցների թիմերը, ինչի արդյունքում համադպրոցական ինտելեկտուալ փառատոնում երրորդ տեղը գրավեց Շենգավիթ վարչական շրջանի թիվ 97 ավագ դպրոցը, երկրորդ տեղը` Կենտրոն վարչական շրջանի Ա.Մարգարյանի անվան թիվ 29 ավագ դպրոցը, իսկ փառատոնի հաղթող ճանաչվեց Աջափնյակ վարչական շրջանի թիվ 118 ավագ դպրոցը: