Հայաստանում ինտերնետ օգտագործողների քանակը 1, 5 մլն է
Նախրոդ տարվա ընթացքում Հայաստանում առաջին անգամ գործարկվել են 4G ստանդարտի կապի տեխնոլոգիաները, իսկ երկրի ողջ տարածքն ապահովվել է 3G ստանդարտով գործող համակարգերով: Այդ մասին այսօր Ազգային ժողովում հայտարարեց վարչապետ Տիգրան Սարգսյանը 2010 թվականի պետական բյուջեի կատարման հաշվետվությունը ներկայացնելիս:
Նրա ներկայացմամբ, նախորդ տարվա ընթացքում արագագործ ինտերնետի միջինացված սակագները գրեթե կրկնակի նվազել են: «Ինտերնետի մեծածախ սակագները կրճատվել են ավելի քան երկու անգամ` կազմելով 71 հազար դրամ և այս միտումը շարունակվում է նաև այս տարի», -հավելեց կառավարության ղեկավարը:
Ինտերնետից օգտվողների ընդհանուր թիվը նախորդ տարի կազմել է 1, 5 մլն, որի մեջ է մտնում նաև բջջային հեռախոսների միջոցով ինտերնետից օգտվողների քանակը:
«Իսկ ինտերնետից անմիջապես օգտվողների քանակը` լայնաշերտ բաժանորդների քանակը 2,5 անգամ աճել է` կազմելով 173 հազար», - հավելեց վարչապետը: Նա նաև տեղեկացրեց, որ ինտերնետը նախորդ տարի հասանելի է դարձել Հայաստանի ևս 300 դպրոցներում և արդյունքում, այսօր Հայաստանում ընդհանուր առմամբ 944 դպրոց արդեն ապահովված է ինտերնետով: