Ադրբեջանցիները հաստատում են իրանցի մոլայի՝ արցախյան պատերազմի մասին խոստովանությունը
Ադրբեջանում աշխատում են հերքել իրանցի մոլլայի` ղարաբաղյան պատերազմի մասին խոստովանությունները, սակայն դա կարծես թե նրանց չի հաջողվում: Իրանի Արդեբիլ քաղաքի իմամ-ջումա, սեյիդ Հասան Ամելին օրերս Իրան-Ադրբեջան հարաբերությունների և ղարաբաղյան պատերազմի վերաբերյալ սենսացիաներով լի հայտարարություն է արել, որի մասին Panorama.am-ն արդեն անդրադարձել է: Մասնավորապես նշվել էր, որ ղարաբաղյան պատերազմի ժամանակ տարբեր ահաբեկչական կազմավորումների ներկայացուցիչներ Իրանի տարածքով հայտնվել են Ադրբեջանում:
«Ենի Մուսավաթ»-ն այսօր մեջբերել է իմամի` Ադրբեջանի իշխանություններին ուղղված մեղադրանքների հետ կապված հարցերին ծանոթ և այդ գործընթացներից քաջատեղյակ մարդու խոսքը, որում մեզ հետաքրքրող բազմաթիվ փաստեր են հաստատվում:
Սեիդ Հասանի` Իրանի ռազմական օգնության պնդումների հետ կապված «Ենի Մուսավաթ»-ին պարզաբանումներ է տվել ղարաբաղյան պատերազմի ժամանակ, Աղդամի ուղղությամբ հարձակում իրականացրած գումարտակի հրամանատար Սարդար Համիդովը:
Նա հայտնել է, որ Իրանի կողմից Ադրբեջան բերված աֆղանցիներն ու այլ ազգությունների վարձկանների մեծամասնությունը «բանտարկյալներ» են եղել:
«Ընդհանուր առմամբ, աֆղանցիների հետ Ադրբեջանի կնքած առաջին պայմանագիրը Իրանի հետ ոչ մի կապ չի ունեցել: Ճիշտ է, Իրանն այստեղ մի փոքրիկ գումարտակ ուներ, որը վարժանքի կենտրոն էր: Հետո աֆղանցիներին ևս այնտեղ տեղավորեցին: Դա Ադրբեջանի թիվ 776 գումարտակն էր: Ադրբեջանի ժողովրդական ճակատ կուսակցության իշխանության ժամանակաշրջանում այդ գումարտակում հատուկ աֆղանական ջոկատ էր գործում, հետո, ինչ որ միսիոներական գործունեության պատճառով, նրանք արտաքսվեցին: Հետո, իշխանությունը փոխվելուց հետո, աֆղանցիների մի այլ խումբ եկավ: Այն ժամանակ այդ գործընթացը ղեկավարում էր վարչապետի տեղակալ Ռասուլ Գուլիևը: Ինձ որպես գումարտակի հրամանատար հրավիրեցին մարտիկներ վերցնել այնտեղից: Ես իրանցիներ չվերցրեցի, այլ վերցրեցի Ադրբեջանում վարժանքներ անցած թուրքական գումարտակիի մարտիկներին:
Թուրքերի գումարտակներըը մինչև Քելբաջար (ներկայումս՝ Քարվաճառ) մարտերում քաջություններ են ցուցադրել: Իրանցիների կողմից վարժանքներ անցկացվող զորամասերի աֆղանցի ներկայացուցիչները տարվել են Ֆիզուլիի և Աղդամի ճակատներ: Հեյդար Ալիևի պաշտոնավարման ժամանակ մեզ հրահանգ արվեց, որպեսզի գնանք այնտեղից աֆղանցի մարտիկներ ընդունենք: Այդտեղ իրանցի երկու գեներալներ կային` Մուզաֆերեդդինը և Վահդեդդինը: Սակայն, այս անգամ էլ ես աֆղանցիներից ոչ մեկին չվերցրեցի: Աֆղանցիներից կազմված գումարտակը մնաց Աղդամի Քարվանդ գյուղում:
Բոլորը գիտեն, որ ղարաբաղյան պատերազմի ժամանակ ազգությամբ ադրբեջանցի թուրք գեներալ Վելի Քյուչյուքի և մյուս թուրք փաշաների ղեկավարությամբ թուրք սպաների կողմից Ադրբեջանում երկու ռազմական զորամասեր են ստեղծվել, որոնք կռվել են հայերի դեմ: Այդ զորամասերից մեկի հրամանատարը եղել է Հիքմեթ Միրզաևը, մյուսինը` Էլդար Աղաևը: 1992 թ-ից մինչև 1994 թ-ը թուրքերը մոտիկից մասնակցել են Ադրբեջանի բանակաշինությանը: Նրանք «Նասոսնի»-ում վարժանքի մեծ կենտրոն էին ստեղծել: Թուրքերը մեզ, և հոգեբանական, և ռազմա-հումանիտար տեսակետից, մյուսներից ամենամեծ աջակցությունն են ցուցաբերել», -խոստովանել է Համիդովը: