Մայիսի 16-ը Երևանի պետական համալսարանի հիմնադրման օրն է:
Նույն օրը` ժամը 14:30-ին, ԵՊՀ Պալեանների անվան դահլիճում տեղի կունենա «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» խաղի եզրափակիչ փուլը: Այնուհետև ԵՊՀ ուսանողական խորհրդի ներկայացուցիչները կշրջեն բոլոր ֆակուլտետներով` բոլոր ուսանողներին մեկ առ մեկ փոխանցելով շնորհավորական բացիկներ և տոնական բարձր տրամադրություն:
Անակնկալներ և նվերներ են լինելու բոլոր այն ուսանողների համար, ովքեր մայիսի 16-ին կնշեն իրենց ծննդյան տարեդարձը: Շրջայցի ավարտին հանդիսավոր կերպով կիրականացվի Երեւանի պետական համալսարանի օրհնության արարողությունը:
Ի դեպ, վերջերս ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի հետ հանդիպման ժամանակ ԵՊՀ ՈՒԽ-ի անդամներն առաջարկեցին մայիսի 16-ը դարձնել հայ ուսանողի օր, ինչպես և ընդունված է շատ այլ երկրներում:
Իսկ արդեն ժամը 16:00-ին ԵՊՀ կենտրոնական մասնաշենքի մեծ դահլիճում տեղի կունենա կոմպոզիտոր, ՀՀ ժողովրդական արտիստ, Կոմպոզիտորների և երաժշտագետների միության նախագահ Ռոբերտ Ամիրխանյանի հեղինակային համերգը: Ռոբերտ Ամիրխանյանը նաև ԵՊՀ հիմներգի հեղինակն է: Այս մասին հաղորդում են ԵՊՀ-ի հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից: