Ապօրինի շինարարության դեմ բողոքող Կոմիտասի 5 հասցեի բնակիչները դիմել են դատարան
Կոմիտասի 5 հասցեում «Լիբեր» ՍՊԸ-ի կողմից իրականացվող ապօրինի շինարարության կասեցման պահանջով շրջակա շենքերի բնակիչները կոլեկտիվ հայտով այսօր դիմել են դատարան: ՍՊԸ-ի տնօերնը Էդվարդ Քեշիշ Աբրամն է, տեղեկացնում են Քաղաքացիական ազգային նախաձեռնության լրատվական ծառայությունից:
Հիշեցնենք, որ «Լիբեր» ՍՊԸ-ն Կոմիտասի 5 հասցեում 2011թ. մայիսի 13-ին սկսել է բազմաբնակարան բնակելի շենքի և էլեկտրատրանսպորտի քարշի ենթակայանի կառուցման աշխատանքները` առանց այն հիմնավորող անհրաժեշտ փաստաթղթերի:
Նշենք նաև, որ ԱԺ պատգամավոր Լարիսա Ալավերդյանին ուղղված իր պատասխան նամակով քաղաքաշինության նախարար Վարդան Վարդանյանը նշել էր, որ «Լիբեր» ՍՊԸ-ի «…ներկայացրած քաղաքաշինական փաստաթղթերի ուսումնասիրությունից պարզվել է, որ համաձայնեցված նախագծով նախատեսված բազմաբնակարան բնակելի շենքի և էլեկտրատրանսպորտի քարշի ենթակայանի կառուցման դեպքում կխախտվեն ՀՀ-ում գործող քաղաքաշինական նորմերը` հարևան շինություններից պահանջվող նորմատիվային հեռավորությունները (СНИП 2.07.01-89): Վերը նշվածի կապակցությամբ համապատասխան գրություն է ուղարկվել Երևանի քաղաքապետին` 2010թ. հուլիսի 28-ին տրված թիվ 01/50-15303-396 շինարարության թույլատվության գործողությունը կասեցնելու վերաբերյալ` մինչև նախագծային լուծումները քաղաքաշինական նորմերին համապատասխանեցնելը»:
«Ամեն դեպքում շինարարություն իրականացնող պատասխանատուները ոչ բնակիչներին և ոչ էլ դեպքի վայր ժամանած` Երևանի Արաբկիրի բաժնի ոստիկաններին չկարողացան ներկայացնել որևէ փաստաթուղթ, որում երևար, որ Երևանի քաղաքապետը, ում տնօրինության տակ է գտնվում թիվ 3 քարշի ենթակայանը, կնիքով ու ստորագրությամբ հաստատած լիներ նոր ենթակայանի և նոր բազմաբնակարան բնակելի շենքի շինարարական նախագծերը: Նման հաստատման հանգամանք չի երևում նաև ԱԺ “Ժառանգություն” խմբակցության քարտուղար, պատգամավոր Լարիսա Ալավերդյանի հարցմանն ի պատասխան Երևանի քաղաքապետարանի կողմից ներկայացված փաստաթղթերի ամբողջական փաթեթից, որը վերաբերում է խնդրո առարկա շինարարությանը», տեղեկացնում են ՔԱՆ-ից:
Ըստ աղբյուրի, շինարարական աշխատանքներն սկսվել են ապօրինի ծառահատումներով` առանց ծառահատում իրականացնելու որևէ թույլատվության:
Այդուհանդերձ, տեղեկանում ենք նաև, որ խնդրով շահագրգիռ մի շարք անձանց ու կազմակերպությունների միջնորդությամբ դեպքի վայր ժամանած Արաբկիրի բաժնի ոստիկանները առժամանակ դադարեցրել են շինարարությունը, ինչպեսև Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանի` FaceBook սոցիալական ցանցում տեղադրված էջում քաղաքապետարանի աշխատակից Ա. Ադոնցը նույն օրը` մայիսի 13-ին, հավաստիացրել է հանրությանը, որ շինարարությունը կասեցված է, ամեն դեպքում հարակից 3 շենքերի` Կոմիտասի 5ա, 3 և 7/1 շենքերի բնակիչները այսօր հայցադիմումով դիմել են դատարան` այս «կնճռոտ ապօրինությանը» վերջնական լուծում տալու համար: Բնակիչների շահերը դատարանում կներկայացնի փաստաբան Կարեն Մեժլումյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան