Գերմանիայում հայագիտության փակված ամբիոնի փոխարեն կգործի «Մաշտոց» հայագիտական կենտրոնը
2010 թվականին կրթության, գիտության նախարարությանը հատկացված բյուջետային միջոցներով նախարարությանը չի հաջողվել իրականացնել Գերմանիայում հայագիտության ամբիոնի ֆինանսավորումը: Պատճառը Բեռլինի
Ֆրայ համալսարանում հնդեվրոպական լեզուների ամբիոնի փակվելն է: Այդ մասին այսօր Ազգային ժողովում կրթության ոլորտի 2010 թվականի բյուջեի կատարողականը ներկայացնելիս հայտարարեց Կրթության, գիտության նախարար Արմեն Աշոտյանը:
Բայց դրա փոխարեն, գերմանական ակադեմիական փոխանակման ծրագրի աջակցությամբ 2,5 տարի ժամկետով նոր պայմանագիր է կնքվել`Գերմանիայի համալսարաններից մեկում «Մաշտոց» հայագիտական կենտրոնի գործունեության համար:
Նախարարի խոսքով, բեռլինի համալսարանի հայագիտական ամբիոնի համար նախատեսված միջոցները կուղղվեն այլ հայագիտական ծրագրերի ֆինանսավորմանը` մասնավորապես Թեհրանի պետական համալսարանում այս տարի բացվել է հայոց լեզվի և պատմության դասավանդման կենտրոն , իսկ նախորդ տարի ստորագրված համաձայնագրով, ԵՊՀ-ում կստեղծվի իսլամագիտության կենտրոն, Թեհրանի պետհամալսարանում էլ` հայագիտության կենտրոն:
Նախարարը տեղեկացրեց նաև, որ Բուխարեստի համալսարանում ևս նման կենտրոն կստեղծվի: