ԵՊՀ ռեկտորի պաշտոնի համար հայտարարված մրցույթին մասնակցելու հայտ է ներկայացրել Արամ Սիմոնյանը
ԵՊՀ ռեկտորի թափուր պաշտոնի համար կրթության և գիտության նախարարության հայտարարած բաց մրցույթին մասնակցելու համար այս պահի դրությամբ դիմել է միայն Արամ Սիմոնյանը: Այս մասին Panorama.am-ին հայտնեցին ԿԳՆ հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Նշենք, որ ապրիլի 29-ին կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի հրամանով` իր դիմումի համաձայն, Երևանի պետական համալսարանի ռեկտոր Արամ Սիմոնյանն ազատվել է ռեկտորի պաշտոնից և նշանակվել ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար: Ռեկտորի պաշտոնում նրա պաշտոնավարման ժամկետը ավարտվելու էր այս ամսվա 29-ին:
Հիշեցնենք, որ մրցույթին կարող են մասնակցել Հայաստանի Հանրապետության այն քաղաքացիները, ովքեր ունեն` գիտությունների դոկտորի աստիճան և պրոֆեսորի գիտական կոչում և առնվազն երեք տարվա ղեկավար աշխատանքի փորձ:
Մրցույթին մասնակցելու համար դիմումները (փաստաթղթերը՝ բնօրինակներով) ներկայացնել 2011թ. մայիսի 11-ից մինչև հունիսի 11-ը, ժամը՝ 10-ից 13-ը (բացի շաբաթ և կիրակի օրերից): Մրցույթը տեղի կունենա 2011 թվականի հունիսի 21-ին, ժամը 11:00-ին Երևանի պետական համալսարանում: