Ա.Աշոտյան. «Բոլոր «միջնորդները», որ կփորձեն ուսուցիչներին ու տնօրեններին այլազան ծառայություններ առաջարկել, կհայտնվեն անհարմար ի
Երևանի թիվ 114 ավագ դպրոցում այսօր մեկնարկել է հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք /հավաստագիր/ ստանալու համար քննությունների հանձնման երկրորդ փուլը, որին մասնակցության հայտ են ներկայացրել 1066 հավակնորդ:
Ինչպես տեղեկանում ենք ԿԳՆ լրատվական ծառայությունից, այս փուլում հավակնորդները քննությունները կհանձնեն երկու օրում՝ նախ գրավոր, ապա նաև բանավոր:
ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը, դիմելով քննության մասնակիցներին, նշել է, որ այս գործընթացը ներդնելիս որոշ շրջանակներ փորձում էին քննադատել ու վարկաբեկել նախարարությանը, սակայն հավաստագրերի հանձնման ժամանակ բոլորը միանշանակ փաստել են, որ քննություններն անցել են օբյեկտիվ ու արդար:
Նախարարը նաև տեղեկացրել է, որ նախարարությունը երաշխավորում է արդար, օբյեկտիվ քննություններ և գործընթացի օրինականությունը. «Իսկ բոլոր այն «միջնորդները», որոնք կփորձեն ուսուցիչներին ու տնօրեններին այլազան ծառայություններ առաջարկել, կհայտնվեն անհարմար իրավիճակներում»,-հավաստիացրել է նախարարը:
Ա.Աշոտյանն ընդգծել է նաև, որ որևէ կողմնակալ մոտեցում չի լինելու, իսկ բոլոր բողոքները, որոնք կվերաբերեն քննությունների օբյեկտիվությանը, մանրամասն քննարկվելու են: Քանզի այդ գործընթացով փորձ է արվում հայկական դպրոցում տնօրենի նոր նշաձող ձևավորել, դարձնել կառավարման որակն ընկալելի ու ընդունելի այսօրվա պայմաններին, ինչպես նաև կոտրել այն կարծրատիպերն ու կաղապարները, թե մեր դպրոցում կարող են աշխատել նաև տգետ մարդիկ: