ԿԳ փոխնախարար. «Պետք է հասնենք նրան, որ միջին մասնագիտական որակավորման լավ մասնագետն իսկապես պահանջարկ ունենա»
Միջին մասնագիտական կրթության ոլորտի խնդիրներին, այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ, անդրադարձավ ԿԳ փոխնախարար Արա Ավետիսյանը։
Բանախոսի փոխանցմամբ, կրթության ոլորտում բարեփոխումները նախարարությունը սկսել է հանրակրթության ոլորտից:
«Բարեփոխումների ծրագրում ընդգրկվել են 12 քոլեջներ, որոնք արդեն վերանորոգվել են և կահավորվում են: Դրանք իրականացնում են միջին մասնագիտական կրթություն, ինչպես նաև վերապատրաստում` աշխատաշուկայի պահանջարկի հիման վրա»,- նշեց փոխնախարարը։
Արա Ավետիսյանը նաև տեղեկացրեց, որ առաջիկա երկու տարիների ընթացքում նախնական և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունները կհանձնվեն նախարարության ենթակայությանը, որի նպատակը պատվերի բովանդակային ձևավորումն է, որպեսզի պատվիրատուն և կատարողը փոխկապակցված աշխատեն և վերահսկվեն:
«Այս տարվանից նախնական և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների համար ընդունելության առանձին քննություններ չեն անցկացվի: Շրջանավարտը միասնական կամ ավարտական քննություն հանձնելու դեպքում, հնարավորություն կստանա նաև մասնակցել քոլեջների ընդունելությանը»,-տեղեկացրեց Արա Ավետիսյանը։
ԿԳ փոխնախարարի կարծիքով. մեր հասարակության մեջ դեռևս գերիշխում է այն մտածելակերպը, որ բարձրագույն կրթություն ստանալը շատ ավելի հեղինակավոր է, քան միջին կամ նախնական լավ մասնագիտությունը:
«Մենք պետք է հասնենք նրան, որ աշխատաշուկայում միջին մասնագիտական որակավորման լավ մասնագետն իսկապես պահանջարկ ունենա: Այդ դեպքում մենք չենք ունենա այն պատկերը, որ համալսարանական կթություն ստացած ֆիզիկոսը ստիպված զբաղվում է որևէ տեխնիկական աշխատանքով կամ շուկայում որևէ իր է վաճառում։ Մենք կարծում ենք, որ այս խնդրի կարգավորումը ժամանակի խնդիր է»,-նշեց ԿԳ փոխնախարար Արա Ավետիսյանը։