Ապացուցվում է, որ Թուրքիայի պաշտոնական պատմագրությունը հիմնված է մեծ ստի վրա. Հարցազրույց Ֆեթհիյե Չեթինի հետ
Օրերս Երևան էր ժամանել հայկական արմատներ ունեցող թուրք գրող, իրավաբան Ֆեթհիյե Չեթինը: Այս անգամ նա հայ ընթերցողի ուշադրությանն է ներկայացրել իր երկրորդ` «Թոռներ» գիրքը: Նրա առաջին`«Մեծ մայրս» գիրքն իր տատի կյանքի պատմությունն է: Տարիներ շարունակ Սեհեր տատը, ում իսկական անուն-ազգանունը Հերանուշ Կատարյան է, գաղտնի է պահել իր հայկական ծագումը և միայն կյանքի վերջին տարիներին է խոստովանել թոռանը, որ ինքն իրականում հայ է և մինչև 1915թ. քրիստոնյա է եղել:
Երևանում Ֆեթհիյե Չեթինը բացառիկ հարցազրույց է տվել «Ermenihaber.am» (Էրմենիհաբեր) լրատվական կայքին:
- Ի՞նչ զգացիք, երբ իմացաք որ մահմեդականացված հայուհու թոռ եք:
- Առաջին բանը, որ զգացի, «ներքին ապստամբությունն էր»: Ապստամբությունն ընդդեմ այն ստի, որ մեզ սովորեցրել էին իրականությունը թաքցնելու համար: Զգացի սաստիկ մի զայրույթ: Անընդհատ ուզում էի վազել փողոց ու գոռալ` «մեզ խաբել են, մեզ ճշմարտությունը չեն ասել»: Ցավս անբացատրելի էր: Միևնույն ժամանակ ինձ համակեց ամոթի ցավալի մի զգացում: Մի մարդու կողմից մեկ այլ մարդու հանդեպ այդ անհավատալի վերաբերմունքի, այդ հրեշավոր արարքի համար ես որպես մարդ ամաչեցի: Ամաչեցի նաև նրա համար, որ իրական ինքնությունս փոխել են մեկ այլի:
- Օրերս Երևանում կայացավ Ձեր երկրորդ գրքի` «Թոռներ»ի շնորհանդեսը: Ինչի՞ մասին է այն:
- 2004թ Թուրքիայում լույս տեսավ իմ առաջին` «Մեծ մայրս» գիրքը: Լույս ընծայումից հետո մեծ թվով մարդիկ ինձ հետ կապ հաստատեցին ու պատմեցին իրենց տատիկների կամ պապիկների պատմությունը: Այս պատմություններից ամեն մեկն ապացուցում էր, որ Թուրքիայի պաշտոնական պատմագրությունը հիմնված է մեծ ստի վրա: Բացի այդ, «Մեծ մայրս գիրքը ընթերցողների շրջանում մեծ հետաքրքրություն առաջացրեց: Շատերը պարզապես ցանկացան իմանալ, թե իրականում ինչ է եղել 1915 թ.-ին: Այշե Գյուլ Ալթընայի հետ միասին որոշեցինք այս պատմությունները մի գրքի մեջ զետեղել: Գրքում ընդգրկվեցին միայն նրանց պատմությունները, ովքեր իրենց համաձայնությունը տվեցին դրա համար: Ցավալի է, որ տարիներ շարունակ գոյություն ունեցող տաբուների ու վախերի պատճառով ոչ բոլորը ցանկացան տպագրել իրենց պատմությունը:
- Բացի գրական գործունեությունից դուք նաև փաստաբանությամբ եք զբաղվում: Ներկայումս ներգրավված եք Հրանտ Դինքի դատավարության մեջ: Ի՞նչ սպասելիքներ ունեք այդ դատավարությունից:
- Հրանտ Դինքի դատավարությունից բացի, նաև «Ակօս» շաբաթաթերթի և Հրանտ Դինքի անվան հիմնադրամի փաստաբանն եմ: Չնայած Հրանտի սպանությունից արդեն անցել է 4 տարի, մարդասպաններին պատժելու հասարակական մեծ պահանջ կա, և առկա են բազմաթիվ ապացույցներ, բայց, ցավոք, մեղավորները դեռ չեն բացահայտվել: Կարճ ասած` կա ապացույց , կան փաստաթղթեր, կա վկա , սակայն այս ամենը հետաքննելու կամք չկա: Ընդհակառակը` հաստատակամորեն որոշել են, թե ինչպես դատը ավարտել: Գծվել են սահմաններ, իսկ դատավորները այդ սահմաններից դուրս չեն գալիս: Մինչդեռ հասարակությաւնը պահանջում է պատժել իրական մարդասպաններին: Եվ այդ պահանջն իսկապես զորեղ է: Դինքի սպանության «թելերը» տանում են դեպի պետական պաշտոնյաները, և սա բոլորն են տեսնում: Ամենայն հավանականությամբ, այս դատավորությունը պետության գծած սահմանների մեջ էլ ավարտին կհասցվի: Սակայն այս դատավարությունը առիթ դարձավ, որ Թուրքիայում նորից օրակարգ գան միչև այժմ չբացահայտված սպանություններ, քննարկվեն, պատմության ուսումնասիրության նյութ դառնան: Դատավարությունն ինչպես էլ ավարտվի, գործընթացը կշարունակվի և բոլոր սպանությունների չբացահայտված մեղավորներն ու այդ սպանությունները քողարկող համակարգը կհետաքննվի: Դինքի սպանության դատավարությունն անցյալի հետ առերեսվելու և հաշվետու լինելու պատեհություն կլինի:
-Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հասարակական պահանջ արդյո՞ք կա Թուրքիայում:
- Չեմ կարող ասել, թե լուրջ պահանջ կա, միևնույն ժամանակ չեմ էլ կարծում, թե հարաբերությունների կարգավորմանն ուղղված լուրջ դիմադրություն կա: Իրականում պետական քաղաքականությունն ու հասարակական պահանջն իրար հետ բոլորովին կապ չունեն: Հարաբերությունների կարգավորումը պահանջում է անկեղծ կամք և մի քիչ էլ խիզախություն: Առկա քաղաքականությունը, ըստ իս, այդ կամքից ու խիզախությունից զուրկ է: Բայց միակ հուսադրող բանն այն է, որ խորքային առումով կարգավորումն ինքնին շարունակվում է արագ և առողջ կերպով:
Հարցազրույցը` Աստղիկ Իգիթյանի
Թարգմանությունը` Panorama-am-ի
Լրահոս
Տեսանյութեր
Իրավապաշտպան. Ադրբեջանի համագործակցության կոչ-առաջարկն իրավական հիմնավորումներ չունի