Արմեն Սաղաթելյան. Չպետք է ունենանք ոչ մի մենաշնորհ որևէ ոլորտում
Վերջին տարիներին բազմաթիվ քայլեր են արվել գիտության ոլորտի զարգացման համար: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ ԳԱԱ Էկոլոգանոսֆերային հետազոտությունների կենտրոնի տնօրեն Արմեն Սաղաթելյանը:
Նա դրական գնահատեց հատկապես Գիտության կոմիտեի ստեղծումը, որն այսօր ծավալում է ակտիվ գործունեություն: Ըստ նրա, կոմիտեի նախաձեռնությամբ բազմաթիվ երկկողմանի և բազմակողմանի համագործակցության պայմանագրեր են ստորագրվում, ինչը նաև բերում է ռեսուրսներ, բացի դրանից կոմիտեն տարբեր միությունների հետ կապեր է հաստատում, ինչի արդյունքում` անհատ գիտնականների ուսերին դրված կապերն այժմ պետական աջակցություն են ստանում։
Ա.Սաղաթելյանը նշեց նաև, որ «Գիտությունների ազգային ակադեմիայի մասին» ընդունված օրենքում ևս կան դրական միտումներ: Մասնավորապես` ժողովրդավարություն է հաստատվել և ակադեմիայի նախագահին ակադեմիկոսի կոչում ունեցողներից բացի կընտրեն նաև ինստիտուտների տնօրենները, այսինքն` ընտրության հարցում գիտնականները ձայնի իրավունք են ստանում:
Հայկական աստղագիտական ընկերության համանախագահ Արեգ Միքայելյանի խոսքերով, գիտության ոլորտում դրական տեղաշարժեր կան, բայց դրանք շատ քիչ են, և ոլորտում չեն կարող կտրուկ փոփոխություններ բերել: «Եթե Հայաստանում գիտության զարգացման տեմպերը զիջեն միջազգային զարգացումներին, ապա դա նշանակում է, որ աստիճանաբար ետ ենք մնում աշխարհից: Մենք ինչ-որ առումով առաջ ենք գնում, բայց նրանք ավելի առաջ են գնում, արդյունքում` գնալով ավելի ենք զիջում: Գոնե պետք է տեմպերը հավասարեցվեն: Հայաստանը մրցակցությունից աստիճանաբար դուրս է գալիս: Լինելով մտքի ազգ, մենք չենք օգտագործում այդ առավելությունը»,- ասաց Ա. Միքայելյանը:
Ըստ նրա, օրինակ` ԱՄՆ-ում գիտության ոլորտում հովանավորներն են մեծ ներդրումներ անում, քանի որ օրենքով նրանք ազատվում են հարկերից: Հայաստանում մեծահարուստները խոշոր ներդրումներ անում են տարբեր ոլորտներում, որտեղ թեկուզ միանգամից մեծ եկամուտ չեն ակնկալում, բայց անում են, քանի որ իշխանությունների կողմից դրանք խրախուսվում են:
Ըստ Արմեն Սաղաթելյանի, այսօրվա իրավիճակի համար հարկավոր է ավելի արմատներին նայել: «Եթե հասարակությունը գումարներ է տալիս գիտությանը, ապա ակնկալում է վերադարձ: Բայց այսօր կան շատ օբյեկտիվ, լուրջ պատճառներ: Խնդիրը այսօր ձևավորված քաղաքատնտեսական իրավիճակում է` ունենք խիստ մոնոպոլիզացված տնտեսություն, որի զգալի մասը հիմնված է ներկրման վրա: Մոնոպալիզացված տնտեսությունը գումարներ չի ներդնի, որպեսզի բարելավի արտադրանքը: Իսկ զարգացման համար հարկավոր է կոտրել մոնոպոլիստական տնտեսությունը, մենք չպետք է ունենանք ոչ մի մենաշնորհ որևէ ոլորտում»,- ասաց Ա.Սաղաթելյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան