Իսրայելում ստեղծվել է «համակարգչային անվտանգության» համակարգ
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն որոշում է կայացրել հատուկ օպերատիվ խմբի ստեղծման մասին, որին հանձնարարվելու է` ապահովել երկրի կոմպյուտերային համակարգի պաշտպանությունն արտաքին հարձակումներից և նենգադուլներից: Ինչպես հաղորդում է «MIGnews» տեղեկատվական գործակալությունը, նա հայտարարել է, որ ստեղծվող կառույցի հիմնական խնդիրն է լինելու «Իսրայելի ռազմավարական կոմպյուտերային համակարգերի դեմ հնարավոր ահաբեկչական հարձակումների կանխումը»:
Այս հարցում վարչապետը հետևել է համակարգչային անվտանգության գծով ութ փորձագետից կազմված հատուկ խմբի խորհրդին, որը գլխավորում է պաշտոնաթող գեներալ-մայոր Իսահակ Բեն-Իսրայելը:
Նեթանյահուն նաև նախազգուշացրել է. «Իսրայելը խոցելի է, ահաբեկիչները կարող են գրոհել կենսական կարևորություն ունեցող կայքերը, որի պատճառով կյանքը երկրում, բառացիորեն, կանգ կառնի: Էլեկտրականությունը, կրեդիտային քարտերը, ջրամատակարարումը, տրանսպորտը համակարգչայնացված են, ինչը նշանակում է, որ դրանք կարող են դառնալ գրոհի թիրախ: Խիստ անհրաժեշտություն կա` ստեղծելու հատուկ պաշտպանական գիծ` նման սպառնալիքներին դիմագրավելու համար»:
Իսրայելի վարչապետնի բնորոշմամբ. «Խոսքը վերաբերում է ազգային անվտանգության բաղադրատարրի: Ես չեմ պատրաստվում պատմել առանձին գրոհների մանրամասների մասին, բայց դա չի նշանակաում, որ նման հարձակումներ չկան: Համոզված եմ, որ սպասվում են նոր գրոհներ և նոր ճակատամարտեր, այդ հարցում ես ոչ մի կասկած չունեմ», - նշել է Նեթանյահուն: