Բռնաբարության համար մեղադրվող ԱՄՀ ղեկավար Ստրոս Կանը հրաժարական է ներկայացրել
Արժույթի միջազգային հիմնադրամի ղեկավար Դոմինիկ Ստրոս Կանը հրաժարական է ներկայացրել:
«Ռոյթերս» գործակալության փոխանցմամբ, այս մասին ասված է ԱՄՀ-ի հրապարակած հաղորդագրությունում:
«Ամենայն հաստատակամությամբ հերքում եմ բոլոր այն մեղադրանքները, որոնք առաջադրված են իմ նկատմամբ», - ասված է Ստրոս Կանի հայտարարությունում:
Հրաժարական ներկայացնելու իր որոշումը ԱՄՀ-ի արդեն նախկին ղեկավարը հիմնավորել է «հիմնադրամը պաշտպանելու» ձգտումով, որտեղ նա տարիներ շարունակ «անկեղծ ու հավատարիմ ծառայել է»:
Հայտարարության համաձայն, Ստրոս Կանն «այժմ իր ողջ ազատ ժամանակն ու էներգիան տրամադրելու է իր անմեղության ապացուցմանը»:
«Հիմա ես ամենից շատ մտածում եմ կնոջս մասին, ում շատ սիրում եմ, իմ երեխաների, ընտանիքի ու ընկերների մասին», - ասված է Ստրոս Կանի հայտարարությունում:
Հիշեցնենք, ԱՄՀ ղեկավարը բռնաբարության մեղադրանքով գտնվում է Նյու-Յորքյան բանտում: Այսօր նշանակված է գործով հերթական դատական լսումը: Ավելի վաղ, Ստրոս Կանին մերժել էին 1 մլն. դոլար գրավի դիմաց ազատ արձակել:
ԱՄՀ ղեկավարի նկատմամբ սեռական ոտնձգություններ կատարելու մեղադրանք է ներկայացվել Նյու-Յորքի հյուրանոցներից մեկի սպասուհու հայտարարության հիման վրա: