ՏՏ մասնագետներ. «Էլեկտրոնային առևտուրը կդառնա անխուսափելի երևույթ»
«Էլեկտրոնային առևտուրն այսօր աշխարհում արտադրողականության բարձրացման հիմնական խթաններից մեկն է: Ինտերնետի և այլ ենթակառուցվածքների ոչ լիարժեք լինելու պատճառով այս համակարգի ներդրումը անհնար էր, սակայն այժմ ունենք լծակներ և այսօր արդեն շատ աշխատանք ունենք անելու»,- Panorama.am-ի հետ զրույցում կարծիք հայտնեց ԻՏՁՄ նախագահ Հովհաննես Ավոյանը:
Ըստ նրա, «դեռ մի քանի տարի առաջ Հայաստանում էլեկտրոնային առևտրի մասին խոսելը վաղ էր։ Սակայն ՏՏ ոլորտի մի շարք զարգացումներն ու ձեռքբերումներն այսօր արդեն փոփոխություններ են մտցնում էլ առևտրի համակարգում»։
«ՕՎԵՐՈԼ ՍՈԼՈՒՇԸՆԶ» ընկերության տնօրեն Դավիթ Քոթանյանի համոզմամբ, թեև էլեկտրոնային առևտրի համակարգի հանդեպ այսօր արդեն կա ձևավորված որոշակի պահանջարկ, սակայն կան նաև խոչընդոտներ։ Օրինակ, Հայաստանը արտասահմանյան կազմակերպությունների հետ դրամական փոխանցումներ կատարելու դժվարություններ ունի։ Մասնավորապես, «Վիզա քարտի» լիցենզիայի համար բանկերի կատարած ծախսերը մեծ են, իրենց չեն արդարացնում և այդ պատճառով շատ ընկերություններ ստիպված են լինում այլ երկրներում հաշվեհամարներ բացել, ինչի արդյունքում էլ բավականին մեծ գումարներ չեն մտնում Հայաստան:
ՏՏ ոլորտի մասնագետ Արմեն Աբրահամյանի կարծիքով, Հայաստանում էլեկտրոնային առևտրի զարգացմանը հիմնականում խոչընդոտում է 3 գործոն՝ էլեկտրոնային գրագիտության ցածր մակարդակ, ինտերնետի որակ և վճարային քարտերի տարածվածության խնդիրը:
«Կարծում եմ, որ այս ամենը ժամանակի և միջոցների խնդիր է: Անկախ ամեն ինչից այս հարցերը կստանան իրենց լուծումները, քանի որ արդեն 3 կամ 4 տարի հետո էլեկտրոնային առևտուրը կդառնա անխուսափելի երևույթ: Այն խանութները, տուրիստական կազմակերպությունները, բանկերը, որոնք չեն օգտվի արդիական լուծումներից և տեխնոլոգիական նոր ապրանքների և ծառայությունների ներդրումից, չեն կարողանա մրցունակ լինել և պարզապես կդադարացնեն իրենց գործունեությունը»,- Panorama.am- ի թղթակցի հետ զրույցում նշեց Արմեն Աբրահամյանը և կարծիք հայտնեց, որ Հայաստանում էլեկտրոնային առևտրի զարգացումը կնպաստի նաև էլեկտրոնային գովազդի տարածմանը: